Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԸՀ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա մանրամասնեց, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելու պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Արամ Օրբելյանը հայտնել էր, թե ինչ գործի շրջանակներում էր Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել համաձայնություն տալ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելուն։
Նա մանրամասնել էր, որ խոսքը գնում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ՝ 2004 թվականին կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը։
Օրբելյանի պնդմամբ՝ այդ գործարքը որևէ կերպ չի վիճարկվել, և դրա հետ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքի անդամները որևէ առնչություն չունեն։
«Հետագայում՝ 2008 թվականին, երբ պարոն Ռոբերտ Քոչարյանն արդեն պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Եվ հիմա դա ինչ-որ ձևով փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է»,- մանրամասնել է Օրբելյանը։
Նրա խոսքով՝ այդ հատվածը վարձակալությամբ է հանձնված եղել, վարձակալը իր գումարներով սկսել է կառուցապատում իրականացնել, սակայն 2008 թվականին ֆինանսական որոշակի խնդիրներ է ունեցել և ներդրումներ փնտրելու ժամանակ առաջարկ է եղել նաև Սեդրակ Քոչարյանին, որը համապատասխան մասնակցություն է ունեցել այդ գործընթացում։
Հունիսի 16-ին հայտնի էր դարձել, որ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթահարել է խորհրդարան մտնելու անցողիկ շեմը և նոր ձևավորվելիք խորհրդարանում կունենա 12 մանդատ։ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է դաշինքի ընտրական ցուցակը, հետևաբար, այս պահին նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։