Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ուղղակի շփումների նպատակը խաղաղ գործընթացի դինամիկայի վերականգնումն ու խաղաղության օրակարգին երկու երկրների հավատարմության հաստատումն է։ Դրա մասին հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստում՝ կառավարական ժամի ընթացքում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նա, մասնավորապես, մեկնաբանել է Դիլիջանում անցկացված Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Ըստ նրա՝ Հայաստանի համար, ընտրություններից անմիջապես հետո, կարևոր էր չկորցնել խաղաղ գործընթացի դինամիկան։
«Մեզ համար շատ կարևոր էր, որ խաղաղ գործընթացը կրկին մտնի իր նախկին դինամիկայի մեջ»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ համանման ընկալում գոյություն է ունեցել նաև Ադրբեջանում, ինչի արդյունքում էլ անցկացվել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
«Մեր փորձը ցույց է տալիս, որ երկկողմ ուղղակի շփումները կարևոր նշանակություն ունեն»,- ընդգծել է նա։
Վարչապետը նշել է նաև այն փաստի կարևորությունը, որ նման ձևաչափով հանդիպումն առաջին անգամ կայացել է Հայաստանի տարածքում։ Նրա խոսքով՝ հաջորդ հանդիպումը, ենթադրաբար, կանցկացվի արդեն Ադրբեջանում։
«Շատ կարևոր է, որ սրանով Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա նաև հավելել է, որ Հայաստանը «հաղթահարել է տարածաշրջանային անվտանգության սպառնալիքները և վերահսկում է դրանք»։
Անվտանգության միակ հնարավոր սպառնալիքները, նրա խոսքով, կարող են կապված լինել ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեության հետ։ Վերջիններիս նա անվանել է «պատերազմի եռագլուխ կուսակցություն» և դրա «պոչեր»։
«Այդ սպառնալիքներն ունեն իրենց անունները՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ (Սամվել Կարապետյան – խմբ.) և բելառուսամետ օլիգարխ (Գագիկ Ծառուկյան – խմբ.): Եվ նրանք պետք է ջախջախվեն իրենց որջերում»,- ասել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Միևնույն ժամանակ, «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» իր խոսքերով և սիմվոլիկայով «կասկածի տակ է դնում խաղաղության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»։
Վարչապետը հնարավոր է համարել, որ այդ ուժերի՝ խորհրդարան մուտք գործելու դեպքում կարող են սպառնալիքներ գեներացվել խաղաղության պայմանագրի ճարտարապետության համար։
«Ստացվում է, որ խորհրդարանում գտնվող ուժը չի ընդունում խաղաղության պայմանագրի ճարտարապետությունը։ Հետևաբար, դա ուղղակիորեն սպառնալիք է գեներացնում և առաջացնում համապատասխան արձագանքներ։ Մենք պետք է տեսնենք այս պատճառահետևանքային կապը»,- ընդգծել է Փաշինյանը։
Նրա գնահատմամբ՝ գոյություն ունի «լրտեսական ցանց», որը անհրաժեշտ է «արմատախիլ անել կոնկրետ գործողություններով»։ Հակառակ դեպքում նրանք կփորձեն վերակենդանացնել ղարաբաղյան հակամարտությունը և հասնել Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների վերսկսմանը։
Նա հայտարարել է նաև քրեաօլիգարխիայի դեմ պայքարելու մտադրության մասին և կոչ է արել իր հետ համաձայն չեղողներին դուրս գալ փողոց և հեղափոխություն անել։
«Այս խոչընդոտները հայտնվում են մեր երեխաների ճանապարհին։ Դրանք փոշի ու մոխիր են դառնալու։ Ժամանակն է եկել պատասխան տալու, և պատասխան տալու են բոլորը»,- հայտարարել է նա։