Սիեթլի մերձակայքի հանրահայտ զբոսաշրջային բնական գոտում արջը հարձակվել է դպրոցականների խմբի վրա

Վաշինգտոն ամերիկյան նահանգի Սիեթլ քաղաքից ոչ հեռու գտնվող Մաունթ Սի լեռան մոտակա բնապահպանական գոտում երեքշաբթի սև արջի հարձակման հետևանքով դեռահաս է վիրավորվել։ Միջադեպից հետո իշխանությունները փակել են զբոսաշրջային երթուղին, գրում է The Guardian-ը։

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:45-ի սահմաններում «Մաունթ Սի» բնապահպանական գոտու Մաունթ Սի արահետի վրա՝ Սիեթլից մոտ 56 կմ դեպի հարավ-արևելք։ Թոմաս Ջեֆերսոնի անվան միջնակարգ դպրոցի երեք դպրոցականներից կազմված խումբը գտնվելիս է եղել երթուղու սկզբնակետից մոտ 4,4 կմ հեռավորության վրա, երբ բախվել է արջի և նրա քոթոթների հետ։

Քինգ շրջանի շերիֆի գրասենյակի տվյալներով՝ մայր արջը հանկարծակի հարձակվել է խմբի վրա և թաթով դիպչել դեռահասներից մեկին՝ թողնելով մակերեսային քերծվածքներ։ Երկրորդ դպրոցականը կենդանուց փախչելիս ստացել է կոճի վնասվածք։

Քինգ շրջանի շերիֆի տեղակալ Փիթեր Լինդեն հայտնել է, որ տուժածի վնասվածքները թեթև են եղել, սակայն դեռահասը ուժեղ վախ է ապրել և տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման ու վերքերի մշակման համար։ Նույն օրն ուշ երեկոյան նրան դուրս են գրել։

Քինգ շրջանի որոնողափրկարարական ծառայությունում նշել են, որ դեռահասները ճիշտ են վարվել. քայլել են խմբով, ունեցել են կապի միջոցներ և կարողացել են կանչել արտակարգ ծառայություններին։

Վաշինգտոն նահանգի Ձկնորսության և վայրի բնության դեպարտամենտը հայտնել է, որ ավելի վաղ զբոսաշրջիկների մեկ այլ խումբ նկատել էր, թե ինչպես է արջը մի քանի կիլոմետր շարունակ հետևում իրենց նույն արահետով։ Դրանից հետո իշխանությունները փակել են երթուղին և սկսել կենդանու որոնումները։

Գերատեսչությունում հայտարարել են, որ արջին հայտնաբերելու դեպքում, ամենայն հավանականությամբ, որոշում կընդունվի նրան ոչնչացնելու մասին, թեև նախընտրելի տարբերակ է մնում տեղափոխումը։

Ըստ գերատեսչության տվյալների՝ 1970 թվականից ի վեր Վաշինգտոն նահանգում գրանցվել է սև արջերի հետ շփման ժամանակ մարդկանց վնասվածքներ ստանալու 20 դեպք, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2022 թվականին։ Միակ մահացու դեպքը գրանցվել է 1974 թվականին։

Նշվում է նաև, որ նահանգում մոտ 22 հազար սև արջ է բնակվում։

Իշխանությունները զբոսաշրջիկներին հիշեցնում են արջի հանդիպելիս վարվելականոնները. չփախչել, դանդաղ հետ քաշվել, խոսել հանգիստ ձայնով, խուսափել ուղիղ հայացքից և հնարավորության դեպքում օգտագործել արջերի դեմ նախատեսված սփրեյ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *