Պուտինն ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին. ի՞նչ են նրանք քննարկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, ով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով հունիսի 16-17-ը երկօրյա այցով գտնվում էր Ռուսաստանում, հաղորդում է ТАСС-ը։

Հանդիպումը տեղի է ունեցել Գալիասգար Քամալի անվան թաթարական պետական ակադեմիական թատրոնում, որտեղ ավելի վաղ անցկացվել էր գագաթնաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների դիմավորման պաշտոնական արարողությունը։ Ինչպես հայտնել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, բանակցությունների նախաձեռնողը եղել է թուրքական կողմը, և Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու Ֆիդանի խնդրանքը բավարարվել է։

Պուտինի հետ զրույցից առաջ Թուրքիայի արտգործնախարարը բանակցություններ էր վարել Լավրովի հետ, ինչպես նաև հանդիպել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ Այդ շփումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Մոսկվայի ու Կիևի միջև հետագա բանակցությունների հեռանկարները։ Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է նաև ապագայում հարթակ տրամադրել ռուս-ուկրաինական բանակցությունների համար և դիվանագիտությանը վերադառնալը համարում է առաջնահերթ խնդիր։ Նա ընդգծել է նաև, որ Անկարան չի խրախուսում և սկզբունքորեն դատապարտում է քաղաքացիական բնակչությանը հասցվող հարվածները։

Պուտինի հետ հանդիպման ժամանակ թուրքական դիվանագիտության ղեկավարը Ռուսաստանի նախագահին է փոխանցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնը։

«Պարոն նախագահը ձեզ մեծ ու ջերմ ողջույն է փոխանցում»,- ասել է Ֆիդանը՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի առաջնորդին՝ չնայած իր ծանրաբեռնված ժամանակացույցին հանդիպելու հնարավորության համար։

Թուրք նախարարը նշել է, որ տարածաշրջանում և աշխարհում իրավիճակը մնում է չափազանց դինամիկ և պահանջում է մշտական երկխոսություն Մոսկվայի ու Անկարայի միջև։

«Մեր տարածաշրջանում և աշխարհում շատ հագեցած օրակարգ կա։ Ձեր փորձն այս առումով շատ մեծ նշանակություն ունի։ Կան շատ հարցեր, որոնք մենք պետք է քննարկենք»,- հայտարարել է նա։

Իր հերթին Պուտինն ընդգծել է ռուս-թուրքական հարաբերությունների բարձր մակարդակը և նշել Էրդողանի դերը դրանց զարգացման գործում։

«Մեր շփումները վաղուց դադարել են զուտ պաշտոնական լինելուց, դրանք իսկապես բարեկամական բնույթ են կրում, համալրվում են նորանոր բովանդակությամբ։ Եվ զգալի չափով, առաջին հերթին, շնորհիվ այն դիրքորոշման, որն զբաղեցնում է Թուրքիայի Հանրապետության նախագահ պարոն Էրդողանը»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանում միշտ ուրախ են տեսնել Թուրքիայի նախագահին։

«Մենք միշտ ուրախ ենք նրան տեսնել մեր երկրում։ Ուրախ եմ այսօրվա միջոցառման շրջանակում ձեզ հետ հանդիպելու և ընթացիկ հարցերը քննարկելու հնարավորության համար, որոնք հետաքրքրություն են ներկայացնում մեր երկու երկրների համար»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *