Գերմանիան և Լեհաստանը պաշտպանության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր են ստորագրել

Գերմանիան և Լեհաստանը չորեքշաբթի պաշտպանության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր են ստորագրել՝ ձգտելով ամրապնդել ռազմական փոխգործակցությունը Ռուսաստանի հետ լարվածության աճի և Եվրոպայի անվտանգությանը ԱՄՆ-ի ապագա մասնակցության վերաբերյալ անորոշության ֆոնին, հաղորդում է Associated Press-ը։

Փաստաթուղթը քայլ դարձավ երկու երկրների միջև գործնական ռազմական փոխգործակցության խորացման ուղղությամբ, որոնց հարաբերությունները վերջին տարիներին դարձել են ավելի պրագմատիկ՝ 2022 թվականին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց և 2023 թվականին Լեհաստանում լիբերալ կառավարության իշխանության գալուց հետո։

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը Վարշավայում Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է. «Մենք չենք մոռանում անցյալը, բայց ապագայի քաղաքականությունը, զարգացումն ու անվտանգությունը մեր պարտականությունն են»։

Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության հնարավոր մասնակի կրճատման շուրջ քննարկումների ֆոնին Լեհաստանը ձգտում է ուժեղացնել եվրոպացի դաշնակիցների դերը ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության գործում, մինչդեռ Գերմանիան տասնամյակներ տևած թերֆինանսավորումից հետո մեծացնում է իր բանակի արդիականացման և Բունդեսվերի ամրապնդման ջանքերը։

Համաձայնագրով նախատեսվում են միջոցառումներ Բալթիկ ծովի տարածաշրջանի պաշտպանության համար, ինչպես նաև համագործակցություն ռազմական շարժունակության, ենթակառուցվածքների, կիբերանվտանգության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններին Լեհաստանի պաշտպանական նախագծերի զարգացմանը, ներառյալ «Արևելյան վահան» ամրությունների համակարգը։

Ընդ որում, փաստաթուղթն ունի միջգերատեսչական բնույթ և չի պարունակում փոխադարձ պաշտպանության մասին քաղաքական դրույթներ՝ ի տարբերություն այն երկկողմ պայմանագրերի, որոնք երկրներից յուրաքանչյուրը վերջին տարիներին կնքել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ։

Ավելի վաղ լեհ և գերմանացի պաշտոնյաներն ընդգծում էին, որ ավելի սերտ համակարգումն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության ուժեղացման համար, հատկապես Բալթյան տարածաշրջանում, որը Ռուսաստանի հետ հնարավոր առճակատման դեպքում դիտարկվում է որպես ամենախոցելի գոտիներից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *