ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Վաշինգտոն՝ ակնկալելով նվազեցնել լարվածությունը Անկարայի գագաթնաժողովից առաջ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կվարի ամերիկյան ղեկավարության հետ՝ դաշինքի հուլիսյան գագաթնաժողովին ընդառաջ։

Euronews-ի տվյալներով՝ դաշնակիցները հույս ունեն նվազեցնել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հարաբերություններում ստեղծված լարվածությունը՝ ամիսներ տևած տարաձայնություններից հետո։

Բանակցությունների կենտրոնական թեմաներից մեկը կլինեն ջանքերը՝ ուղղված Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության վերականգնմանը՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ամերիկա-իրանական համաձայնագրի կնքումից հետո։

«Հորմուզի նեղուցով ազատ անցման վերականգնումը հսկայական քայլ կլիներ առաջ»,- Բրյուսելում լրագրողներին հայտարարել է Ռյուտեն։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի շատ երկրներ պատրաստ են աջակցել այդ նախաձեռնությանը, որը գլխավորում են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։

Ռյուտեի այցը ԱՄՆ նախատեսված է հունիսի 23–25-ին և անցնում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման ֆոնին, որը տեղի կունենա հուլիսի 7–8-ին Անկարայում։ Դաշինքում հույս ունեն, որ առաջնորդների հանդիպումը կանցնի ավելի կառուցողական մթնոլորտում, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը նվազեցրեց լարվածությունը մերձավորարևելյան հակամարտության շուրջ։

Ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների՝ մինչև Թեհրանի հետ պայմանավորվածությունների ձեռքբերումը, Իրանի շուրջ իրավիճակը պարբերաբար սուր վեճեր էր առաջացնում դաշինքի ներսում։ Աղբյուրները նշում են, որ գործարքի կնքումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գագաթնաժողովից առաջ գտնվում է ավելի բարենպաստ քաղաքական դիրքում։

Վաշինգտոնի և մի շարք եվրոպացի դաշնակիցների միջև հարաբերությունները վատթարացել էին, երբ ՆԱՏՕ-ի որոշ երկրներ հրաժարվել էին ամերիկյան զինվորականներին հասանելիություն տրամադրել իրենց բազաներին՝ Իրանի շուրջ հակամարտությանն առնչվող գործողությունների համար։ Միաժամանակ, Գերմանիան թույլատրել էր օգտագործել Ռամշտայն ավիաբազան՝ իրանական թիրախներին անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածների համակարգման համար։

Լրացուցիչ լարվածություն էր առաջացել ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի քննադատությունից հետո։ Ի պատասխան՝ Թրամփը կրճատել էր ամերիկյան ռազմական ներկայությունը Գերմանիայում և հրապարակայնորեն քննադատել դաշնակիցներին, որոնք, նրա կարծիքով, չէին աջակցել ամերիկյան արշավին։

«Մեզ կաջակցեն, թե ոչ, բայց մենք դա կհիշենք»,- մարտին նախագահական ինքնաթիռում լրագրողներին հայտարարել էր Թրամփը։

Ակնկալվում է, որ Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրները կհաստատեն ռազմական ծախսերն ավելացնելու և սպառազինությունների արտադրությունն ընդլայնելու մտադրությունը։ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքին անհրաժեշտ են հավելյալ ուժեր, ռեսուրսներ և զգալիորեն ավելի հզոր պաշտպանական արդյունաբերություն։

ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասն արդեն պատրաստակամություն է հայտնել միանալու Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման ֆրանս-բրիտանական գործողությանը։ Որոշ պետություններ արդեն տարածաշրջան են ուղարկել ֆրեգատներ, ականազերծող նավեր և ռազմական անձնակազմ։

Գագաթնաժողովի ևս մեկ առանցքային թեմա է դառնալու ՆԱՏՕ-ի անվտանգության համար ավելի մեծ պատասխանատվության փոխանցումը եվրոպական երկրներին և Կանադային։ ԱՄՆ-ն տեղեկացրել է դաշնակիցներին ռազմական դաշինքին տրամադրվող ռազմական հնարավորությունների մի մասի կրճատման մտադրության մասին, ներառյալ՝ B-2 և B-52 ռազմավարական ռմբակոծիչները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի առաքելությունների համար հատկացվող F-16 և F-35 կործանիչների քանակի նվազեցման մասին։

Բացի դրանից, անդամ պետություններից ակնկալվելու է առաջ շարժվել դեպի պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու նպատակը։ Euronews-ի տեղեկություններով՝ Ռյուտեն ավելի ու ավելի դժգոհ է այդ պարտավորությունների կատարման տեմպերից և մտադիր է առաջիկա շաբաթներին դաշնակիցներից պահանջել ավելի վճռական գործողություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *