Միլանում քաղաքային տրանսպորտի մի քանի վարորդներ ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից WhatsApp-ի չաթի գործով հետաքննություն սկսվելուց հետո, որտեղ, ենթադրվում է, որ տարածվել են ուղևորուհիների լուսանկարները տեսահսկման տեսախցիկներից և հրապարակվել են սեքսիստական ու գռեհիկ մեկնաբանություններ, գրում է The Guardian-ը։
Միլանի դատախազությունը երեքշաբթի հետաքննություն է սկսել ATM տրանսպորտային ընկերության առնվազն մեկ աշխատակցի նկատմամբ։ Նա կասկածվում է տեղեկատվական համակարգեր ապօրինի մուտք գործելու և ուղևորուհիների պատկերներն ստանալու համար տեսահսկման համակարգն անօրինական օգտագործելու մեջ։
Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել նաև ընկերության հինգ այլ աշխատակիցների մոտ և առգրավել նրանց բջջային հեռախոսներն ու էլեկտրոնային սարքերը։
Քննությունը ուսումնասիրում է այն տեղեկությունը, ըստ որի չաթի մասնակիցները փոխանակվել են տեսահսկման տեսախցիկների կադրերով, որոնցում խոշոր պլանով պատկերված են եղել տրամվայներով երթևեկող կանանց դեմքերը, ոտքերը, կուրծքը և կոնքերը։
Սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ մի կին, որը շաբաթ օրը երթևեկում էր թիվ 15 երթուղու տրամվայով, նկատել է իր առջև նստած վարորդին, որը հերթափոխի մեջ չէր, բայց դեռ համազգեստով էր։ Նրա հեռախոսի էկրանին բաց է եղել WhatsApp-ի խմբային չաթը՝ նմանատիպ լուսանկարներով և ուղևորուհիների արտաքինի մասին մեկնաբանություններով։
Հասկանալով, որ պատկերներն արվել են անվտանգության նպատակով տրամվայներում տեղադրված տեսահսկման տեսախցիկներից՝ կինը լուսանկարել է հեռախոսի էկրանը և լուսանկարը փոխանցել հայտնի ֆեմինիստ ակտիվիստուհու, որը տեղի ունեցածի մասին հայտնել է տրանսպորտային ընկերությանը։
ATM-ում հայտարարել են, որ ներքին հետաքննություն են սկսել։ Ընկերությունն ընդգծել է, որ գործում է օպերատիվ կերպով՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, ծառայողական համակարգերի օգտագործման ճշտությունը ստուգելու, ինչպես նաև ուղևորների և իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարող աշխատակիցների պաշտպանությունն ապահովելու համար։
Առայժմ պարզված չէ՝ լուսանկարներն ստացվել են մեկ տրամվայի՞, թե՞ մի քանիսի տեսախցիկներից, և արդյո՞ք դրանք տարածվել են WhatsApp-ի խմբից դուրս։
Լոմբարդիայում Codacons սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպության տարածաշրջանային բաժնի նախագահ Մարկո Մարիա Դոնցելին տեղի ունեցածն անվանել է ծայրահեղ լուրջ միջադեպ։ Նա նշել է, որ եթե փաստերը հաստատվեն, խոսքը կարող է վերաբերվել Իտալիայի քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործությունների մասին, իսկ տուժած կանայք կկարողանան դատարանի միջոցով փոխհատուցում պահանջել։
Տրանսպորտի ոլորտի մի քանի արհմիությունների ղեկավարներ նույնպես հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ մարդկային արժանապատվության հարգումն ու գենդերային հավասարությունը հիմնարար արժեքներ են։
Դեպքը լայն արձագանք է ստացել Իտալիայում առցանց կանատյացության (misogyny) խնդրի շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին։ Անցյալ տարի հանրային դժգոհություն էր առաջացրել մի պոռնոկայքի հայտնվելը, որտեղ տեղադրված էին հայտնի կանանց, նրանց թվում՝ վարչապետ Ջորջիա Մելոնիի կեղծված պատկերները։ Մայիսին Մելոնին ինքը դատապարտել էր արհեստական բանականության միջոցով ստեղծված իր պատկերով դիփֆեյքերի տարածումը, ներառյալ այն լուսանկարները, որոնցում երկրի վարչապետը պատկերված էր ներքնազգեստով։