Ֆրանսիական ոստիկանությանը թույլատրել են ջրցան մեքենաներ կիրառել Լա Մանշի ափին գտնվող ներգաղթյալների դեմ

Ֆրանսիայի զանգվածային անկարգությունների դեմ պայքարի ստորաբաժանումները, որոնք տեղակայվել են Ֆրանսիայի հյուսիսում՝ Մեծ Բրիտանիայի հետ 660 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ համաձայնագրի շրջանակում, իրավունք են ստացել ջրցան մեքենաներ կիրառել ապաստան հայցողների և մաքսանենգների դեմ, որոնք  փորձում են կազմակերպել Լա Մանշի ափանցումը, գրում է The Guardian-ը։

Աղբյուրների տվյալներով՝ Ֆրանսիայի հանրապետական անվտանգության վաշտերի (CRS) աշխատակիցները հասարակական կարգի պահպանման իրենց լիազորությունների շրջանակում կարող են միաժամաակ արցունքաբեր գազի և մահակների կիրառում պահանջել։

Դեպի Մեծ Բրիտանիա փոքր նավակների արձակումը կանխելու համար արդեն սկսել են աշխատել ոստիկանության երկու մասնագիտացված ստորաբաժանումներ, ներառյալ անկարգությունների դեմ պայքարի ոստիկանության 50 մարտիկներից բաղկացած ջոկատը։

Մեծ Բրիտանիայի տարածքում ջրցան մեքենաների օգտագործումն արգելված է դրանց վնասվածքային վտանգավորության և «հասարակության համաձայնությամբ ոստիկանական գործունեության» սկզբունքին անհամապատասխանության պատճառով։ Բացառություն է կազմում Հյուսիսային Իռլանդիան, որտեղ ջրցան մեքենաները մինչ օրս գտնվում են ոստիկանության սպառազինության մեջ և կիրառվել են անցյալ շաբաթ՝ ներգաղթյալների դեմ պայքարում անկարգությունների ժամանակ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Ֆրանսիայում ընթացող G7-ի 2026 թվականի գագաթնաժողովում հայտարարել է ֆրանսիական հատուկ ստորաբաժանումների տեղակայման մասին։

«Այս էլիտար ստորաբաժանումները մեր երկրների միջև պատմական համաձայնագրի միայն մեկ տարրն են, որը մեր համագործակցությունը դուրս է բերում նոր մակարդակի»,- հայտարարել է Սթարմերը։

Ըստբրիտանական կառավարության հայտարարության՝ առափնյա գոտում տեղակայվել է CRS-ի մշտական մասնագիտացված ստորաբաժանում, որն անկարգությունների ճնշման և մարդկային մեծ կուտակումների կառավարման մարտավարության դասընթացներ է անցել։ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ում նշել են, որ աշխատակիցներն ավելի լավ են պատրաստված ագրեսիվ ամբոխներին դիմակայելու և մաքսանենգների փոփոխվող մարտավարությանը հակազդելու համար։

Իրավապաշտպան կազմակերպությունները խստորեն քննադատել են ներգաղթյալների դեմ ջրցան մեքենաների կիրառման հնարավորությունը։ Care4Calais բարեգործական կազմակերպության ղեկավար Սթիվ Սմիթը նման միջոցառումն անվանել է «փախստականների նկատմամբ պետական բռնության զարհուրելի էսկալացիա»։

Նա նշել է, որ եթե ջրցան մեքենաների օգտագործումն արգելված է Մեծ Բրիտանիայում, ապա Լոնդոնը չպետք է աջակցի մեկ այլ երկրում ներգաղթյալների դեմ դրանց կիրառմանը։

Ֆրանսիական CRS ուժերն արդեն բազմիցս կիրառել են ջրցան մեքենաներ զանգվածային անկարգությունների ժամանակ, դրանց թվում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո։ Անցյալ տարի CRS-ի աշխատակիցներին լուսանկարել են նաև Կալեի և Դյունկերկի շրջաններում, որտեղ նրանք արցունքաբեր գազ և մահակներ են կիրառել՝ փորձելով կանգնեցնել ծանծաղուտներում դեպի նավակները շարժվող ներգաղթյալներին։

Լոնդոնի և Փարիզի միջև համաձայնագիրը նախատեսում է ներգաղթյալների ժամանակավոր պահման կենտրոնի կառուցում, նավակների որսման գործողությունների ընդլայնում և ֆրանսիական ափին աշխատող ոստիկանների թվի 40% աճ։

Բրիտանական կառավարության տվյալներով՝ համատեղ գործողությունների ուժեղացման շնորհիվ մայիսին հաջողվել է կանխել Լա Մանշի ապօրինի հատման փորձերի մոտ 40%-ը։ Սակայն նույն ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիա է հասել 2726 մարդ, ինչը մոտ հազարով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *