
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Սամվել Կարապետյանը հայտարարել է հետընտրական ընդդիմադիր կոալիցիա ստեղծելու մտադրության մասին: Ինքնին՝ լավ գաղափար է: Բնականաբար, դրա արդյունավետությունն ու հեռանկարայնությունը կախված է լինելու, թե ինչ բովանդակությամբ կհագենա գաղափարը և ինչ աշխատանքային մեթոդաբանություն կորդեգրի կոալիցիան:
Այդ խնդիրը Սամվել Կարապետյանի համար ավելի հեշտ չի լինելու, քան ընտրության պրոցեսում հաղթելու խնդիրն էր: Բայց, այստեղ կա մի շատ կարևորը և էականը. Կարապետյանը չի հրաժարվում պատասխանատվությունից: Չի հրաժարվում պատասխանատվությունից առհասարակ՝ որ ստանձնել էր քաղաքական պրոցես մտնելով, և չի հրաժարվում պատասխանատվությունից՝ ընդդիմության առաջատար ուժի կարգավիճակում հայտնված լինելով:
Սամվել Կարապետյանի դերն ու նշանակությունը հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում ոչ միայն չի ավարտվում ընտրության որևէ արդյունքով, այլ ներկայիս իրավիճակում դառնում է առավել նշանակալի ու ընդգրկուն: Եվ այս համատեքստում է կարևոր, որ Կարապետյանը փաստացի չի հրաժարվում այդ դերից և պատասխանատվությունից:
Եվ կրկնեմ, այստեղ շատ կարևոր է դառնում դերակատարության բովանդակությունը, տրամաբանությունը, մեթոդաբանությունն ու վեկտորը: Ընդգծեմ՝ թյուրընկալումների տեղիք չտալու համար, որ վեկտորը վերաբերում է ներքին աշխատանքին, այլ ոչ թե արտաքին կողմնորոշումներին»: