Դաշնային պահուստի նիստից հետո Ուոլ Սթրիթը փակվել է անկմամբ

Չորեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքում ամերիկյան ֆոնդային ինդեքսները նվազում են գրանցել, քանի որ ներդրողներն սկսել են գնահատել Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքները։

Ինչպես և սպասվում էր, Դաշնային պահուստը դաշնային հիմնադրամների տոկոսադրույքը պահպանել է տարեկան 3,5-3,75% միջակայքում։ Բաց շուկաների գործառնությունների դաշնային կոմիտեի (FOMC) հայտարարության մեջ նշվում է ԱՄՆ տնտեսական ակտիվության վստահ աճի և աշխատաշուկայի կայունության, ինչպես նաև բարձր գնաճի պահպանման մասին։

«Գնաճը շարունակում է բարձր մնալ նպատակային 2% ցուցանիշից, ինչը մասամբ արտացոլում է առաջարկի կողմից առաջացած ցնցումները, որոնք գնաճ են ստեղծել որոշակի ոլորտներում (ներառյալ էներգակիրների գները)։ Կոմիտեն կապահովի գների կայունությունը»,- ասված է փաստաթղթում։

ԴՊՀ ղեկավարները բարձրացրել են ընթացիկ տարվա գնաճի մակարդակի կանխատեսումը՝ մարտին սպասվող 2,7%-ից հասցնելով այն 3,6%-ի։ Նրանց միջնարժեքային կանխատեսումը նախատեսում է, որ մինչև 2026 թվականի վերջը հիմնական տոկոսադրույքը կկազմի 3,8%, մինչդեռ մարտյան կանխատեսումը ենթադրել է 3,4% մակարդակ։ Իրենց գնահատականները ներկայացրած 18 ղեկավարներից ինն ակնկալում են, որ մինչև տարեվերջ տոկոսադրույքը կբարձրանա առնվազն 25 բազիսային կետով։

ԴՊՀ նոր ղեկավար Քևին Ուորշը չի մասնակցել կանխատեսումների կազմմանը։ Նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ դա «ոչ օգտակար» է համարում Կենտրոնական բանկի քաղաքականության իրականացման համար։ Ուորշը նաև ընդգծել է գների կայունացման հարցում Դաշնային պահուստի հաստատակամությունը։

«ԴՊՀ հայտարարության և ասուլիսում Ուորշի մեկնաբանությունների մեջ հստակորեն նկատվում է «կոշտ» միտում,— նշել է «Rosenblatt Securities»-ի թրեյդեր Մայքլ Ջեյմսը։— Իմ կարծիքով՝ գլխավոր հետևությունն այն է, որ ԴՊՀ-ն կենտրոնացել է գների կայունության ապահովման խնդրի վրա»։

S&P 500 ինդեքսի բաղադրիչների թվում աճի տեմպերով առաջատարների եռյակում են հայտնվել Moderna Inc.-ը (+11,6%), Robinhood Markets-ը (+8,9%) և GE Vernova-ն (+6,8%), իսկ Dow Jones-ի կազմում՝ Caterpillar-ը (+1,1%), Goldman Sachs Group-ը (+0,8%) և JPMorgan Chase & Co.-ն (+0,7%):

S&P 500-ում ամենամեծ անկումը գրանցել են Carvana-ն (-10,3%), EchoStar-ը (-7,7%) և Equifax-ը, իսկ Dow Jones-ում՝ Salesforce Inc.-ը (-4,1%), Microsoft Corp.-ը (-3,8%) և Amazon.com Inc.-ը (-3,5%):

«SpaceX»-ի արժեթղթերն էժանացել են 4,9%-ով՝ Իլոն Մասկի ընկերության՝ ֆոնդային շուկայում անցած ուրբաթ օրվա նորամուտից ի վեր առաջին անգամ առևտրային շրջանն ավարտելով կորուստներով։

Բորսայական օպերատոր «CME Group»-ի բաժնետոմսերի գինը նվազել է 3,5%-ով, որն ավելի վաղ հայտարարել էր նոր գլխավոր գործադիր տնօրենի (CEO) նշանակման մասին։

Իրենց կապիտալիզացիան զգալիորեն ավելացրել են չիպեր արտադրող ընկերությունները՝ «Broadcom» (+4,3%), «Marvell Technology» (+3,9%), «Intel Corp.» (+3,5%), «Micron Technology» (+2,2%) և «Advanced Micro Devices» (+1%):

«Meta» ընկերության շուկայական արժեքը նվազել է 5,4%-ով, «Alphabet Inc.»-ինը՝ 2,5%-ով, «Tesla»-ինը՝ 2,1%-ով, «Nvidia Corp.»-ինը՝ 1,3%-ով, իսկ «Apple Inc.»-ինը՝ 1,1%-ով։

«Dow Jones Industrial Average» ինդեքսն ընկել է 0,98%-ով՝ հասնելով 51492,55 կետի։

«Standard & Poor’s 500»-ի արժեքը նվազել է 1,21%-ով՝ կազմելով 7420,1 կետ։

«Nasdaq Composite» ինդեքսը կորցրել է 1,34% և փակվել 26021,66 կետի մակարդակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *