Հայաստանի կենտրոնական բանկն առաջարկում է ֆինանսական խնդիրներ ունեցող բանկերը ոչ թե լուծարել, այլ առողջացնել։ Այս մասին հունիսի 18-ին Ազգային ժողովի նիստում «Բանկերի վերակազմակերպման մասին» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս որևէ բանկի ֆինանսական վիճակի զգալի վատթարացման դեպքում ստեղծված իրավիճակի լուծման միակ տարբերակը համարվում է լուծարումը, ինչը ծայրահաստիճան թանկարժեք, երկարատև և հանրության համար վնասակար գործընթաց է։
Ինչպես նշել է Կենտրոնական բանկի փոխնախագահը, աշխարհի տարբեր երկրներում կիրառում են վերակազմակերպման սցենարներից որևէ մեկը։ Այսինքն՝ բանկերը, ըստ էության, չեն լուծարվում։ Դրա փոխարեն կիրառվում են միջանկյալ գործիքներ, որոնք պահպանում են կայունությունը։ Նման միջոցառումներն անհրաժեշտ են խնդրի վերջնական և առավելագույնս անցավ լուծման համար։
«Մենք կցանկանայինք, որ Հայաստանի Հանրապետությունում լիներ հայեցակարգ և կառուցվածք, որոնց միջոցով որևէ բանկի մոտ խնդիրների առաջացման դեպքում մենք ունենայինք վերակազմակերպման գործիքակազմ։ Դա ավելի լավ է, քան լուծարման շատ թանկարժեք գործընթացը»,- ասել է Նուրբեկյանը։
Այդուհանդերձ, նրա խոսքով, կլինեն նաև իրավիճակներ, երբ խնդրի լուծումը դարձյալ կլինի լուծարումը։ Սակայն այս տարբերակը չի ընտրվի բոլոր դեպքերում։
Առաջինը բանկի կամ դրա մի մասի վաճառքն է։ Արմեն Նուրբեկյանի կարծիքով՝ սա ամենապարզ գործիքն է։ Կենտրոնական բանկը լիազորություն է ստանում վաճառել բանկը կամ դրա մի մասը, եթե մանրակրկիտ մշակումից ու ուսումնասիրություններից հետո պարզվում է, որ բանկի մոտ խնդիր է առաջացել, և այն հնարավոր չէ վերադարձնել բնականոն աշխատանքին։
Վերակազմակերպման երկրորդ գործիքը ժամանակավորապես ստեղծվող «կամուրջ-բանկն» է։ Սա մի բանկ է, որին փոխանցվում է խնդիրը՝ մեկուսացվելով սովորական բանկային գործընթացներից։
Երրորդ գործիքը ակտիվների տարանջատումն է։ Այս դեպքում առանձին բանկ ստեղծելու անհրաժեշտություն չկա։ Ակտիվները պարզապես բաժանվում են լավ ու վատ մասերի, և վատ մասի համար ստեղծվում է ակտիվների կառավարիչ, այսինքն՝ որևէ հիմնադրամ կամ ֆինանսական կառույց (ոչ բանկ)։
Չորրորդ գործիքը ներքին աջակցությունն է։ Երբ բանկն ունի բաժնետերեր, պարտատերեր և ավանդատուներ, ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում պարտատերերի մի մասը դառնում է բանկի բաժնետեր։ ԿԲ փոխնախագահի գնահատմամբ՝ օպտիմալ շեմը կլինի 200 միլիոն դրամ և ավելին։