Դիտարկումներ ԿԲ նախագահի մեկնաբանությունների կապակցությամբ

Մաս առաջին

Վարկի բարձր արժեքը միայն վարկառուի խնդիրը չէ

Օրերս հրապարակված ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի՝ բարձր վարկային տոկոսադրույքների վերաբերյալ մեկնաբանություններն ակամայից հիշեցրեցին երկրի գործադիր իշխանության ղեկավարի՝ արդեն թեւավոր խոսք դարձած այն արտահայտությունը, թե Հայաստանի քաղաքացիների աղքատությունը նրանց գլխում է։ Կարծես նման տրամաբանությամբ էլ ԿԲ նախագահը վարկերի բարձր արժեքը բացատրում է ոչ այնքան երկրի համակարգային խնդիրներով, որքան ձեռնարկատերերի վարքագծով եւ միջազգային տնտեսական միջավայրով։

Պրն Մարտին Գալստյանը, մասնավորապես, նշել է, որ բարեխիղճ ձեռնարկատերերը կարող են դրամային վարկեր ստանալ մոտ 11 տոկոսով, մինչդեռ պակաս հուսալի վարկառուները՝ մինչեւ 19 տոկոսով։ Բացի այդ, ԿԲ նախագահը բարձր տոկոսադրույքների խնդիրը կապում է նաեւ աշխարհում տոկոսադրույքների աճի ընդհանուր միտման հետ։
Այս բացատրությունն անհիմն չէ։ Տոկոսադրույքն իսկապես ներառում է ներգրավված միջոցների արժեքը, վարկային ռիսկի հավելավճարը, գնաճային սպասումները, արժութային ռիսկերը, գրավի որակը, վարկառուի դեֆոլտի հավանականությունը եւ պարտքի վերադարձման ինստիտուցիոնալ արդյունավետությունը։ Այդ իմաստով տարբեր վարկառուների համար տարբեր տոկոսադրույքների կիրառումը տեղին է։ Սակայն հիմնախնդիրն այլ տեղում է․ ինչո՞ւ է Հայաստանի ֆինանսական համակարգն ինքնին վերարտադրում կապիտալի բարձր արժեք։

Եթե արագ շրջանառություն ունեցող առեւտրային գործունեության համար 11-19 տոկոս տոկոսադրույքը որոշ դեպքերում կարող է ընդունելի լինել, ապա արտադրության, արտահանման, տեխնոլոգիական արդիականացման, գյուղատնտեսության կամ երկարաժամկետ ներդրումային ծրագրերի համար այն սահմանափակում է կայուն տնտեսական զարգացման հեռանկարը։ Բարձր տոկոսադրույքն այդպիսի նախագծերի համար դառնում է աճը զսպող գործոն։

Իհարկե, պետությունը որոշ դեպքերում բյուջեի միջոցով սուբսիդավորում է բարձր տոկոսադրույքները՝ թեթեւացնելով բիզնեսի բեռը։ Սակայն դա «երկնային մանանա» չէ և չի կարող դիտարկվել որպես խնդրի հիմնարար լուծում։ Բյուջետային միջոցները սահմանափակ են, եւ վարկերի սուբսիդավորումն իրականացվում է այլ հանրային կարիքների՝ կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների կամ սոցիալական ծրագրերի հաշվին։ Այսինքն՝ բարձր տոկոսադրույքը, անգամ սուբսիդավորման պարագայում, չի անհետանում․ այն ծանրանում է հարկատուների ուսերին եւ արտահայտվում պետական բյուջեի ծախսերի կառուցվածքի փոփոխությամբ։

Այստեղից՝ հետեւություն․ վարկը չպետք է դիտարկվի միայն որպես բանկային ծառայություն։ Այն սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային գործիք է։ Եթե դրամավարկային եւ ֆինանսական համակարգը չի խթանում տնտեսության երկարաժամկետ զարգացումը եւ չի նպաստում հանրային եկամուտների կայուն աճին, ապա խնդիրը պայմանավորված չէ վարկառուների որակով։

Այս համատեքստում տեղին է հիշել Թինբերգենի կանոնը. եթե տնտեսական քաղաքականության համակարգը հետապնդում է մի քանի անկախ թիրախներ, ապա անհրաժեշտ են առնվազն նույնքան անկախ գործիքներ։ ԿԲ-ն, որպես դրամավարկային քաղաքականության պատասխանատու մարմին, կարող է արդյունավետորեն հետապնդել գների կայունության նպատակը։ Սակայն վարկերի հասանելիությունը, ներդրումների խթանումը եւ կապիտալի բարձր արժեքի նվազեցումը պահանջում են շատ ավելի լայն գործիքակազմ՝ արդյունավետ ֆիսկալ քաղաքականություն, պետական պարտքի կառավարում, ֆինանսական շուկա, դատաիրավական համակարգ եւ մրցակցային բանկային միջավայր։

Այլ կերպ ասած՝ եթե խնդիրը համակարգային է, ապա դրա լուծումը չի կարող երաշխավորվել միայն դրամավարկային քաղաքականությամբ։ Այն պետք է լինի ինստիտուցիոնալ, ֆիսկալ եւ տնտեսական քաղաքականությությունների արդյունավետ համադրման արդյունք։

Արմեն Մարտիրոսյան
ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր (1990-99թթ.)
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Շարունակելի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *