Գերմանիան ևս 400 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելուն․ Պիստորիուս

Գերմանիան ևս 400 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինություն գնելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

«Մենք հերթական անգամ՝ արդեն չորրորդ անգամ, կմասնակցենք PURL մեխանիզմի շրջանակներում ֆինանսավորման փաթեթին։ PURL-ի միջոցով մենք ֆինանսավորում ենք ամերիկյան սպառազինության համակարգերն ու զինամթերքը, որոնք խիստ անհրաժեշտ են Ուկրաինային, այսինքն՝ համարվում են առաջնահերթ, բայց չեն արտադրվում Եվրոպայում… Այս անգամ մեր մասնակցությունը կկազմի 200 միլիոն դոլար», – Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ լրագրողներին հայտնել է Պիստորիուսը։

Նրա խոսքով՝ խոսքը հակաօդային պաշտպանության համակարգերի համար զինամթերքի ձեռքբերման մասին է։

Բացի այդ, ըստ Պիստորիուսի, Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը խնդրել է իրեն աջակցել Jumpstart ծրագրին, որը նախատեսված է առաջին հերթին հատուկ Patriot համակարգերի համար կառավարվող հրթիռների գնման համար։

«Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել նաև այդ ծրագրին՝ 200 միլիոն դոլար հատկացնելով PAC-3 կառավարվող հրթիռների գնման համար», – հայտնել է Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել էր, որ դաշինքի երկրներն արդեն գրեթե 6 միլիարդ դոլար են ծախսել Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *