Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարին կոչ է արել «հարգալից և կառուցողական երկխոսություն» ծավալել։ Սաարն ավելի վաղ հայտարարել էր, թե դադարեցնում է շփումները Կալասի հետ, քանի որ վերջինս Իսրայելը համեմատել էր ապարտեիդի ժամանակաշրջանի Հարավաֆրիկյան Հանրապետության հետ։
Կալասն ընդգծել է, որ ԵՄ-ին և Իսրայելին «շատ բան է կապում»։ «Ես արժևորում եմ մեր երկխոսությունն ու հարաբերությունները և պատրաստ եմ շարունակել դրանք հենց այս՝ հարգալից ու կառուցողական ոգով։ Երկխոսությունը դիվանագիտության հիմք է հանդիսանում այն ժամանակ, երբ տարաձայնություններ են ի հայտ գալիս», — X-ի իր միկրոբլոգում գրել է Կալասը՝ պատասխանելով Սաարի հրապարակմանը։
Հիշեցնենք, որ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր ԵՄ գլխավոր դիվանագետի հետ կապերը խզելու մասին։ Նա խիստ դժգոհ էր Կալասի այն հայտարարությունից, որտեղ զուգահեռներ էին անցկացվում Իսրայելի և ապարտեիդի տարիների ՀԱՀ-ի միջև։ Սաարն այդ համեմատությունն անվանել էր «արյունոտ զրպարտանք» և ներողություն պահանջել։
Սաարն X-ի իր էջում պարզաբանել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարն «արդեն տևական ժամանակ է, ինչ Իսրայել պետության հանդեպ ակնհայտ կանխակալ և աղաղակող անարդար վերաբերմունք է ցուցաբերում»։ Նախարարի խոսքով՝ Մեքսիկա կատարած վերջին այցի ժամանակ Կալասը Իսրայելում տիրող իրավիճակն ու պաղեստինցիների նկատմամբ իրականացվող գործողությունները համեմատել է ՀԱՀ-ի ապարտեիդի ռեժիմի՝ 1948-1994 թվականներին այնտեղ կիրառված ռասայական խտրականության քաղաքականության հետ։ Սաարը հավելել է, որ որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ դատապարտել են Կալասի այս հայտարարությունը, սակայն նա ինքը «հանդես չի եկել ո՛չ հերքմամբ, ո՛չ պարզաբանմամբ և ո՛չ էլ այլ պատասխանով»։
Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անվար ալ-Անունին, պատասխանելով ուղիղ հարցին, թե արդյոք Կալասը համեմատել է Իսրայելն ապարտեիդի դարաշրջանի ՀԱՀ-ի հետ, չի հերքել եվրոպական դիվանագիտության ղեկավարի այդ հայտարարության փաստը։