ԱՄԷ-ում 15 տարին չլրացած անձանց արգելել են օգտվել սոցիալական ցանցերից

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Նախարարների կաբինետը որոշում է ընդունել, որով արգելվում է 15 տարեկանից ցածր երեխաներին հաշիվներ ստեղծել և օգտվել սոցիալական ցանցերից։ Այս մասին հայտնել է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։

Համաձայն փաստաթղթի՝ երկրում սոցցանցերից օգտվելու նվազագույն տարիքն այժմ սահմանվում է 15 տարեկանը։ «Այս տարիքին չհասած երեխաներին արգելվում է ստեղծել, անձնական հաշիվներ օգտագործել կամ կառավարել սոցիալական մեդիա հարթակներում», – ասված է կառավարության հայտարարության մեջ։ Նրանք չեն կարողանա բովանդակություն հրապարակել, մեկնաբանություններ թողնել, ինչպես նաև մասնակցել բաց խմբերին։ Սոցիալական ցանցերը պարտավոր են հայտնաբերել և անհապաղ արգելափակել կանոնազանցների հաշիվները։

15-ից 16 տարեկան դեռահասներին թույլատրվում է օգտվել սոցցանցերից, սակայն նրանց հաշիվները կթիրախավորվեն խիստ սահմանափակումներով։ Մասնավորապես, այս տարիքային խմբի համար հարթակները պարտավոր են զտել (ֆիլտրել) բովանդակությունը, սահմանափակել օգտագործման ժամանակը և անջատել անծանոթ օգտատերերի հետ փոխգործակցության գործառույթները։ Բացի այդ, սոցցանցերին արգելվում է անչափահասների անձնական տվյալներն օգտագործել կոմերցիոն նպատակներով և նրանց թիրախային գովազդ ցուցադրել։ Կառավարությունից ընդգծել են, որ ծնողների համաձայնությունը չի կարող հիմք հանդիսանալ այս սահմանափակումները չեղարկելու համար։

Նոր կանոնները սոցիալական ցանցերին պարտավորեցնում են օգտատերերի տարիքի ստուգման հուսալի մեխանիզմներ ներդնել, ինչպիսիք են թվային անձնագրերը կամ բիոմետրիկ տվյալները։ Հարթակներին տրվում է մինչև 12 ամիս անցումային շրջան՝ իրենց աշխատանքը պահանջներին համապատասխանեցնելու համար։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում ԱՄԷ իշխանությունները կարող են պատժամիջոցներ կիրառել՝ ընդհուպ մինչև երկրի տարածքում սոցիալական ցանցի մասնակի կամ ամբողջական արգելափակում, ինչպես նաև վարչական տուգանքների սահմանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *