Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիում խորհրդային հուշահամալիրի պղծման կապակցությամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս սրբապիղծ արարքը պարզապես խուլիգանություն չէ, այլ նպատակաուղղված հարված մեր երկրների ընդհանուր պատմական հիշողությանը և Մեծ հաղթանակի հանդեպ վանդալիզմի փորձ։ Բնականաբար, մենք բողոքի նոտա ենք հղել հայկական կողմին», — ասել է դիվանագետը։
Նա հավելել է, որ «այդ քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն անմիջապես միացել են հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին»։
Զախարովան նշել է, որ իշխանությունների հետ փոխկապակցված տեղեկատվական ռեսուրսները փորձում են Ռուսաստանին մեղադրել հուշարձանը պղծելու մեջ։
«Տարակուսանք է հարուցում այն փաստը, որ Հայաստանի պաշտոնական իշխանությունները, հուշարձանի պղծումը վճռականորեն դատապարտելու կամ գոնե հստակ դիրքորոշում հայտնելու փոխարեն, որոշեցին լռել։ Դա արդեն ավանդույթ է դառնում», — հայտարարել է Զախարովան։
Որպես օրինակ նա մատնանշել է Վլադիմիր Զելենսկու վերջերս Երևանում արած հայտարարությունները, որոնցից հետո Հայաստանի իշխանությունների կողմից որևէ արձագանք չի եղել։
Զախարովան նշել է, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններին ուղեկցող նման թողտվությունը և սանձարձակ հակառուսական արշավը պարարտ հող են ստեղծել նման բարբարոսական արարքների համար։ Ավելին, որոշ տեղեկատվական ռեսուրսների փորձեր են նկատվել՝ միջադեպը որպես ռուսական կողմի սադրանք ներկայացնելու ուղղությամբ։
Զախարովան նշել է, որ փորձը ցույց է տալիս, որ նախնիների հիշատակի պղծումն ու հուշարձանների դեմ պայքարը ԵՄ-ի հետ մերձեցման անբաժանելի մասն են, իսկ երբեմն էլ՝ պարզապես պարտադիր պայման։