Մերձմոսկովյան Բալաշիխայի Ժելեզնոդորոժնի միկրոշրջանում տեղացած անձրևից հետո բնակիչները քաղաքային չատերում ու սոցցանցերում ահազանգում են մեքենաների, պատուհանագոգերի և հագուստի վրա հայտնված մութ նստվածքի մասին. հայտնում է «Օստորոժնո, Մոսկվա» տելեգրամյան ալիքը։ Ըստ ականատեսների՝ տեղումներն ուղեկցվել են այրուկի հոտով, իսկ թողած հետքերը տեսողականորեն նման են եղել նավթամթերքի։ Քանի որ անձրևի պահին քամու արագությունը կազմել է մոտ 16 կմ/ժ, այն կարող էր ծուխն ու այրման արգասիքները քշել հենց հյուսիս-արևելյան ուղղությամբ՝ դեպի Բալաշիխա։ Այդուհանդերձ, Մոսկվայի բնօգտագործման դեպարտամենտն ու «Մոսէկոմոնիտորինգը» պնդում են, որ մայրաքաղաքում և մարզում օդի որակի վատթարացում չի գրանցվել։
Տեղումների հավանական պատճառը Մոսկվայի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհն է, որը հունիսի 18-ի առավոտյան՝ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ, ենթարկվել է ուկրաինական անօդաչուների հարձակմանը։ Դեպքի մասին հայտնած Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տելեգրամյան իր ալիքում նշել է, որ այժմ քայլեր են ձեռնարկվում հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Բացի այդ, հրդեհներ են բռնկվել Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի «Սադովոդ» ու «Բելայա դաչա» առևտրի համալիրների տարածքում, իսկ Մերձմոսկվայի Կոտելնիկի բնակավայրում հարված է հասցվել բնակելի տանը։ Սոբյանինի հստակեցմամբ՝ գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը տևած հարձակման ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի մատույցներում և քաղաքի երկնքում ընդհանուր առմամբ ուկրաինական 137 դրոն են խոցել։