Կուբայի նախագահը հորդորել է հրատապ բարեփոխումներ իրականացնել խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է հրատապ տնտեսական փոխակերպումների անհրաժեշտության մասին՝ հաղթահարելու համար ծանր ճգնաժամը, որը, նրա բնորոշմամբ, սրվել է կղզի նավթի մատակարարումների նկատմամբ Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանափակումներ մտցնելուց հետո, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Ելույթ ունենալով Կուբայի Կոմունիստական կուսակցության Քաղբյուրոյի նիստում՝ Դիաս-Կանելը խոստովանել է, որ երկրին անհրաժեշտ են «հրատապ և անհրաժեշտ փոփոխություններ»։ Այդ հայտարարությունը դարձավ Կուբայի ղեկավարության ամենաբացահայտ խոստովանություններից մեկը գոյություն ունեցող տնտեսական մոդելի լուրջ վերանայման անհրաժեշտության մասին։

Որպես բարեփոխումների հնարավոր կողմնորոշիչներ՝ նախագահը նշել է Չինաստանը և Վիետնամը, որոնց հաջողվել է պահպանել սոցիալիստական քաղաքական համակարգը՝ միաժամանակ տնտեսությունը բացելով մասնավոր բիզնեսի և օտարերկրյա ներդրումների համար։ Դիաս-Կանելը շեշտել է, որ խնդիրը «տնտեսական հարստություն ստեղծելն ու այն արդարացիորեն բաշխելն է»։

Նիստը նվիրված էր զարգացող մասնավոր հատվածի աջակցմանը և վերջին տարիներին տնտեսական դժվարությունների պատճառով երկիրը լքած միլիոնավոր կուբացիների կապիտալի ներգրավման ուղղված բարեփոխումների արագացմանը։

Կուբայի նախագահն ընդգծել է, որ սպասվող որոշումների մի մասը կարող է համընդհանուր աջակցություն չստանալ, սակայն դրանց հետաձգումն այլևս անհնար է։ Նրա խոսքով՝ բնակչության կյանքի վատթարացման պայմաններում իշխանությունները պարտավոր են «փոխել այն, ինչ անհրաժեշտ է փոխել», այլ ոչ թե սահմանափակվել ճգնաժամի պատճառների բացատրությամբ։

Կուբան ապրում է վերջին տասնամյակների իր ամենածանր տնտեսական շրջաններից մեկը։ Երկիրը բախվում է սննդամթերքի, վառելիքի, խմելու ջրի և դեղորայքի խրոնիկական պակասի։ Մի շարք տարածաշրջաններում էլեկտրաէներգիայի անջատումները շարունակվում են ավելի քան 30 ժամ անընդմեջ։

Հավանան ավանդաբար տնտեսական խնդիրները կապում է ավելի քան վաթսուն տարի գործող ամերիկյան էմբարգոյի և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցային ճնշման խստացման հետ։ Սակայն Դիաս-Կանելը խոստովանել է, որ խնդիրների մի մասն ունի ներքին բնույթ։ Դրանց թվում նա նշել է բյուրոկրատիան, պետական ապարատի դանդաղկոտությունը, արտադրողների համար չափազանց մեծ սահմանափակումները և այն որոշումները, որոնց ընդունումը իշխանությունները հետաձգում էին երկար տարիներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *