ԵՄ-ի ամենախիստ հակաիմիգրացիոն փաթեթներից մեկը քաղաքական սկանդալ է առաջացրել Եվրոպական խորհրդարանում

Ստրասբուրգի Եվրոպական խորհրդարանում սուր քաղաքական առճակատում է տեղի ունեցել այն փաթեթի քվեարկությունից հետո, որն ուղղված է ԵՄ երկրներում անօրինական ներգաղթյալների արտաքսման խստացմանը, գրում է The Guardian-ը։

Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է 418 կողմ, 218 դեմ ձայներով։ Փաստաթուղթը նախատեսում է արտաքսման լիազորությունների ընդլայնում, ներառյալ մինչև երկու տարի կալանքի տակ պահելու և ներգաղթյալներին այսպես կոչված «օֆշորային կենտրոններ» ուղարկելու հնարավորությունը, որոնք իրավապաշտպաններն արդեն համեմատել են հնարավոր «մարդու իրավունքների խախտման գոտիների» հետ։

Քվեարկության ժամանակ աջ և ծայրահեղ աջ խմբակցությունների պատգամավորների մի մասն արդյունքը դիմավորել է ծափահարություններով և «Ուղարկե՛ք նրանց հետ» կարգախոսի վանկարկումներով։ Ի պատասխան՝ ձախ և կենտրոնամետ բլոկի պատգամավորները վանկարկել են՝ «Ամո՛թ ձեզ»։

Միջադեպը կտրուկ արձագանք է առաջացրել Եվրոպական խորհրդարանի ներսում։ Խորհրդարանի փոխնախագահ, սոցիալիստ Խավի Լոպեսը նիստն անվանել է «խայտառակություն»՝ հայտարարելով, որ նման հռետորաբանությունն անմարդկային է դարձնում մարդկանց. «Ասես մարդիկ փաթեթներ լինեն։ Ընտանիքներ։ Անչափահասներ»։

Քննադատություն են հնչեցրել նաև ձախերը և կանաչների քաղաքական խմբի ներկայացուցիչները։ Եվրախորհրդարանի պատգամավոր Իլարիա Սալիսը տեղի ունեցածն անվանել է «սոսկալի»՝ հայտարարելով, որ նման հռետորաբանությունն արտացոլում է ԵՄ ինստիտուտներում խիստ հականերգաղթային օրակարգը նորմալ համարելու վտանգավոր միտումը։

«Որոշակի քաղաքական խմբակցության մարդկային դեգրադացիան, կարծես, սահմաններ չունի. ուրախություն անմեղ մարդկանց արտաքսումից,- հայտարարել է նա։- Այսօր թիրախում ներգաղթյալներն են, բայց վաղը կլինեն բանվոր դասակարգը, ակտիվիստներն ու այլախոհները»։

Սոցիալ-դեմոկրատական խումբը հայտարարել է, որ «Ուղարկե՛ք նրանց հետ» կարգախոսը ոչ թե քաղաքականություն է, այլ «վախի հռետորաբանություն», որը կարող է հանգեցնել եվրոպական քաղաքականության հետագա արմատականացմանը։

Միաժամանակ, աջ ճամբարի ներկայացուցիչները ողջունել են քվեարկության արդյունքը։ Ավստրիական «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հերբերտ Կիկլը հայտարարել է, որ նման արձագանքը ցույց է տալիս Եվրոպայում աջ ուժերի ազդեցության ուժեղացումը։

«Այն փաստը, որ դահլիճում հնչել է «ուղարկե՛ք նրանց հետ», նշանակում է, որ աջերի կողմից ճնշումն արդյունավետ է։ Սա կարևոր քայլ է, բայց ամենևին ոչ վերջինը»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *