Մեծ Բրիտանիայում հայտնում են Ռոբին Հուդի մասին լեգենդի հետ կապված Major Oak հնամենի հռչակավոր կաղնու չորացման մասին, հաղորդում է Associated Press-ը:
Թռչունների պաշտպանության թագավորական ընկերության (RSPB) տվյալներով՝ մոտ 1200 տարեկան ծառն այս գարնանը տերև չի տվել, ինչը դիտարկվում է որպես դրա վերջնական չորացման նշան:
Major Oak-ն աճում է Նոթինգհեմի մոտակայքում գտնվող Շերվուդյան անտառում և համարվում է Անգլիայի ամենահայտնի բնական խորհրդանիշներից մեկը: Ըստ լեգենդի՝ հենց այս ծառի տակ է պատսպարվել Ռոբին Հուդը՝ ազնիվ ավազակի մասին միջնադարյան ավանդությունների հերոսը, որը «խլում էր հարուստներից և տալիս աղքատներին»:
RSPB-ում հայտարարել են, որ ծառի չորացման պատճառ կարող էր դառնալ գործոնների համալիրը, դրանց թվում՝ այցելուներից բազմամյա ծանրաբեռնվածությունը, հողի խտացումը և էկոհամակարգի փոփոխությունը:
«Այս տարի ծառի վրա տերևների բացակայությունը սրտակեղեք նորություն է բոլորի համար»,- հայտարարել է RSPB-ի ներկայացուցիչ Հոլի Դրեյքը:
Ըստ բնապահպանների՝ դարերի ընթացքում ծառին այցելած միլիոնավոր զբոսաշրջիկներն աստիճանաբար խտացրել են արմատների շուրջը եղած հողը՝ դժվարացնելով ջրի հասանելիությունը: Լրացուցիչ ազդեցություն կարող էին ունենալ նաև կլիմայական փոփոխությունները, ներառյալ երաշտներն ու շոգի ալիքները, ինչպես նաև մարդու միջամտությունը՝ ծառի զանգվածային ճյուղերը հենակների ու ճոպանների միջոցով պահելու համար:
Մասնագետները նշում են, որ ծառի արմատային համակարգը հայտնվել էր «խեղդված և սնուցումից զրկված» վիճակում:
Woodland Trust կազմակերպության փորձագետ Էդ Փայնը նման ծառերը համեմատել է «Մեծ Բրիտանիայի էկոլոգիական սպիտակ ռնգեղջյուրների» հետ՝ ընդգծելով, որ դրանց աստիճանական անկումը հաճախ տեղի է ունենում հասարակության համար աննկատ:
«Նման ծառերի փրկությունը կենսականորեն կարևոր է շրջակա միջավայրի առողջության համար, սակայն դրանց մեծ մասն անհետանում է լուռ, առանց պատշաճ ուշադրության»,- նշել է նա:
Շերվուդյան անտառը հայտնի է նաև որպես ծովակալ Նելսոնի ժամանակաշրջանի բրիտանական նավատորմի նավերի և Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարի տանիքի կառուցման համար փայտանյութի աղբյուր:
Major Oak-ը ցանկապատվել և պաշտպանության տակ էր վերցվել 1970-ական թվականներին, սակայն, ըստ բնապահպանների, դա չկարողացավ այն ամբողջությամբ պաշտպանել ժամանակի և մարդկային ազդեցության հետևանքներից: