Սթոունհենջից ոչ հեռու հնագետները հայտնաբերել են երկու հին փայտե սյուների հետքեր, որոնք, նրանց կարծիքով, կարող էին ծառայել որպես հանրահայտ մեգալիթյան համալիրի յուրատեսակ «նախատիպ», գրում է Live Science-ը։
Գտածոն արվել է Բուլֆորդ գյուղի մոտ՝ Սթոունհենջից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Թեև սյուներն իրենք վաղուց փտել են, հողում պահպանվել են դրանց տեղադրման փոսերը, ինչը հետազոտողներին թույլ է տվել վերականգնել կառույցի դասավորությունը։
Վերլուծությունը ցույց է տվել, որ մոտ 120 մետր հեռավորությամբ կանգնած երկու խոշոր փայտե սյուները ուղղորդված էին ամառային արևադարձի օրը արևածագի և ձմեռային արևադարձի օրը մայրամուտի գծով։ Հենց այսպիսի աստղագիտական կողմնորոշումն էլ հետագայում դարձավ Սթոունհենջի գլխավոր առանձնահատկություններից մեկը։
Պեղումների ղեկավար Ֆիլ Հարդինգը Wessex Archaeology կազմակերպությունից նշել է, որ հուշարձանի ստեղծողները զարմանալիորեն ճշգրիտ գիտելիքներ են ունեցել Արեգակի շարժման մասին։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ կարողացել են որոշել հորիզոնի այն կետերը, որտեղ Արեգակը ծագում է ամռան կեսին և մայր է մտնում ձմռան կեսին, ինչը այդ ժամանակների համար իսկական ձեռքբերում էր։
Տարածքը, որտեղ հայտնաբերվել է կառույցը, հնագետներն ուսումնասիրում են 2015 թվականից։ Ավելի վաղ այստեղ արդեն գտնվել էին երկու հենջ՝ օղակաձև հողային կառույցներ՝ խրամատներով և հողաթմբերով, ինչպես նաև տասնյակ նեոլիթյան փոսեր՝ մոտ հինգ հազար տարվա հնությամբ։ Դրանց ներսում հնագետները հայտնաբերել են կենդանիների ոսկորներ, կերամիկա, կայծքարե գործիքներ և փայտածուխ։ Այս գտածոները վկայում են լայնածավալ տոնակատարությունների և ծիսական հավաքների մասին։
Գիտնականները կարծում են, որ արևադարձերը տարածաշրջանի հին բնակիչների համար ունեցել են ոչ միայն օրացուցային, այլև կրոնական նշանակություն։ Հնագետ Մեթ Լեյվերսը պարզաբանել է, որ նման հուշարձաններն օգնում էին մարդկանց նշել ժամանակի ընթացքը և միաժամանակ պահպանել տիեզերական կարգը, որը, նրանց պատկերացումներով, ապահովում էր աշխարհի բարօրությունը։
Հատկապես կարևոր է, որ Բուլֆորդի հուշարձանը մոտ 500 տարով ավելի հին է եղել, քան Սթոունհենջի քարե շրջանները։ Դա հետազոտողներին ստիպել է ենթադրել, որ փայտե կառույցը կարող էր դառնալ ապագա մեգալիթյան համալիրի մի տեսակ փորձարարական մոդել։
Անկախ հնագետ Ամանդա Չեդբերնը իրավիճակը համեմատել է բարդ ինժեներական նախագծի ստեղծման հետ․ նախքան քարից հսկայածավալ հուշարձան կառուցելը, հին վարպետները կարող էին նախ իրենց գաղափարները փորձարկել ավելի պարզ փայտե կառույցների վրա։
Գտածոն նաև հաստատում է, որ Սթոունհենջի շրջակայքը հանրահայտ քարերի հայտնվելուց մի քանի դար առաջ արդեն կարևոր կրոնական և ծիսական կենտրոն էր։ Թեև Բուլֆորդում առայժմ մարդկային մնացորդներ չեն հայտնաբերվել, հետազոտողները կարծում են, որ հենց այստեղ կարող էին ձևավորվել այն ավանդույթները, որոնք հետագայում մարմնավորվեցին նախապատմական Եվրոպայի ամենահայտնի հուշարձաններից մեկում։