Էներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկուն

Այդ մասին տեղեկացնում է ՀԷՑ-ի Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի տարածած հաղորդագրությունը։

Քննարկման առանցքային թեման ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նախօրեին ընդունված որոշումն էր, որով ազատականացվում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, ինչպես նաև նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և կառուցապատվող թաղամասերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացը։

Ժամանակավոր կառավարիչն իր խոսքում առանձնահատուկ նշել է, որ ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից ընդունված այս բարեփոխումը նման ձևաչափով արդյունավետ համագործակցության արդյունք է, քանի որ դրա անհրաժեշտությունը քննարկվել էր դեռ ամիսներ առաջ՝ աշխատանքային քննարկման ընթացքում, և ոլորտի տնտեսվարողների կողմից պատշաճ հիմնավորվել էր այդ փոփոխության անհրաժեշտությունը։

«Նախկինում գործող կարգավորման պայմաններում նշված միացումների համար անհրաժեշտ կապալի աշխատանքներն իրականացվում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից՝ արտապատվիրակելով այլ կազմակերպությունների, ինչն ինքնին բարդացնում էր գործընթացը: Նոր կարգավորման համաձայն՝ էներգահամակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացը կիրականացվի ՀԷՑ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա՝ դիմող անձի կամ կառուցապատողի սեփական միջոցներով և ռեսուրսներով։ Արդյունքում միացման գործընթացը կդառնա առավել պարզ և ճկուն՝ նպաստելով բազմաբնակարան շենքերի էներգահամակարգերի՝ բաշխման ցանցին միացման աշխատանքների իրականացմանը ողջամիտ ժամկետներում, ինչպես նաև վերջիններիս համար տնտեսապես ավելի շահավետ պայմաններով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տեխնիկական պայմանների տրամադրման նոր մոտեցումներին, կառուցված բաշխման ցանցի՝ Ընկերությանը հանձնման կարգին, ինչպես նաև ոլորտում վարչական ընթացակարգերի պարզեցման և ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին։

Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծել է նման ձևաչափով քննարկումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք նպաստում են ոլորտային հիմնախնդիրների համատեղ քննարկմանը, արդյունավետ լուծումների մշակմանը և էլեկտրամատակարարման համակարգի կայուն զարգացմանը։

Հանդիպման մասնակիցները ողջունել են նախաձեռնությունը՝ կարևորելով պետական մարմինների, կառուցապատողների և էներգետիկ համակարգի ներկայացուցիչների միջև շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ ոլորտում տնտեսական ցուցանիշների ակտիվացմանը: Մասնակիցների գնահատմամբ՝ նոր կարգավորումները կարևոր քայլ են ոլորտի արդիականացման ուղղությամբ՝ նպաստելով միացման գործընթացների պարզեցմանը, ներդրումային ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը և կառուցապատման ոլորտում տնտեսավարման գործընթացների բարելավմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *