Փարիզի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Ռումինիա արտահանձնել Ռումինիայի նախկին թագավոր Կարոլ II-ի (1893-1953) թոռանը՝ Պավել-Ֆիլիպ Հոհենցոլերնին։ Այս մասին հայտնել է Ştirile ProTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վճռի հրապարակումից հետո ֆրանսիական իշխանությունները նախկին թագավորի թոռանը չեն հայտնաբերել նրա տանը և նրան ներառել են միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում։
Նշվել է, որ Պավել-Ֆիլիպը հինգ օր ունի այս որոշումը բողոքարկելու համար։ Ռումինիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Փարիզի դատարանի որոշումը «Ֆրանսիայի և Ռումինիայի միջև արդյունավետ և հաջող համագործակցության արդյունք է»։
2025 թվականի ապրիլին, ինչպես հայտնել է Digi24 հեռուստաալիքը, Պավել-Ֆիլիպը ձերբակալվել է Ֆրանսիայում և տնային կալանքի վերցվել՝ ռումինական իրավապահների հարցապնդմամբ։ Ռումինիայում նրան մեղադրում են կոռուպցիայի, փողերի լվացման և հողատարածքների հետ կապված խարդախությունների մեջ, որոնք նախկինում պատկանել են թագավորական ընտանիքին։
Առաջին դեպքը չէ, երբ Ռումինիայի նախկին թագավորի 77-ամյա թոռը հայտնվում է եվրոպական իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ 2024 թվականի սկզբին նրան ձերբակալել էին Մալթայում և երկու ամիս պահել կալանքի տակ, որից հետո նա ազատ է արձակվել գրավի դիմաց։ Politico պարբերականի տվյալներով՝ Մալթայի դատարանը հրաժարվել է նրան արտահանձնել Ռումինիա՝ տարիքի և «ռումինական միապետության պատմությամբ պայմանավորված եզակի կարգավիճակի» պատճառով։ Պավել-Ֆիլիպի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ հետապնդումը կապված է քաղաքական շարժառիթների հետ՝ նախագահական ընտրությունների նախաշեմին։