Europa Press․ Իսպանիայի վարչապետի կնոջ գործով նոր հետաքննություն է սկսվել

Դատավոր Խուան Կառլոս Պեյնադոն որոշել է նոր հետաքննություն սկսել այն գործի շրջանակում, որը վերաբերում է Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի կնոջը՝ Բեգոնյա Գոմեսին։ Այս մասին հայտնել է Europa Press գործակալությունը։

Նրա վարկածով՝ խոսքը հնարավոր պաշտոնեական հանցագործության և Եվրամիության շահերին վնաս պատճառող խարդախության մասին է՝ եվրոպական հիմնադրամների միջոցներով վճարված մի շարք պայմանագրերում ենթադրվող խախտումների պատճառով։

Միևնույն ժամանակ, դատավորը դեռևս չի հրապարակել իր որոշումը, թե արդյոք պետք է Գոմեսին մեղադրյալի աթոռին նստեցնել գործի մյուս ուղղություններով։ Հունիսի 15-ին նա մասնակցել է նախնական լսմանը։ Վարչապետի կինը կասկածվում է միջոցների վատնման, կապերի օգտագործման, ապրանքանշանի ապօրինի յուրացման և բիզնեսում կոռուպցիայի մեջ։

Europa Press գործակալության տվյալներով՝ Սանչեսի կնոջ նկատմամբ դատավորի հետաքննությունն իրականացվել է մի քանի ուղղություններով։ Դրանցից մեկը կապված է Գոմեսի կապերի ենթադրյալ օգտագործման հետ՝ ի շահ ձեռնարկատեր Խուան Կառլոս Բառաբեսի, մյուսը՝ վարչապետի կնոջ գործունեության հետ Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանում։ Բացի այդ, Պեյնադոն հետաքննել է այդ ուսումնական հաստատության ամբիոնի ծրագրային ապահովման ենթադրյալ ապօրինի յուրացումը, ինչպես նաև Քրիստինա Ալվարեսի նշանակումը որպես Գոմեսի խորհրդական։

Դատախազությունը միջնորդել է գործը կարճել և նախազգուշացրել, որ կձգտի արդարացման դատավճռի կասկածյալների համար, եթե դատարանը որոշի դատական վարույթ սկսել։ Իր հերթին, ծայրահեղ աջ Hazte Oír ասոցիացիան, որը հայց էր ներկայացրել Գոմեսի դեմ, խնդրել է նրան դատապարտել 24 տարվա ազատազրկման։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *