Apricot Capital-ը՝ CaseKey 2026-ի գլխավոր հովանավոր. ներդրում Հայաստանի ապագա առաջնորդների և մարդկային կապիտալի զարգացման մեջ

Արագ փոփոխվող աշխարհում հաջողության հասնելու համար միայն տեսական գիտելիքները հաճախ բավարար չեն: Անհրաժեշտ են վերլուծական մտածողություն, խնդիրների լուծման հմտություններ, թիմային աշխատանք, արագ կողմնորոշվելու կարողություն և պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն։Հենց այս գաղափարի շուրջ է ձևավորվել CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը, որն արդեն վեցերորդ տարին անընդմեջ միավորում է Հայաստանի ամենահավակնոտ ուսանողներին և երիտասարդ մասնագետներին։ Այս տարի մրցույթի գլխավոր հովանավորն է Apricot Capital ներդրումային ընկերությունը, որը կրթության և մասնագիտական զարգացման ոլորտում իր ներդրումները դիտարկում է որպես Հայաստանի տնտեսական ապագայի կարևորագույն բաղադրիչ։

CaseKey 2026-ի բացման արարողության ընթացքում Apricot Capital-ի գլխավոր գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանն անդրադարձավ մարդկային կապիտալի զարգացման կարևորությանը՝ ընդգծելով, որ կրթության մեջ կատարվող ներդրումները միշտ չէ, որ անմիջապես տեսանելի արդյունք են տալիս, սակայն երկարաժամկետ հեռանկարում դառնում են երկրի զարգացման հիմքը։ Նրա խոսքով՝ ընկերությունը տարիներ շարունակ հետևել է CaseKey-ի գործունեությանը և համոզվել, որ հարթակը միավորում է այն երիտասարդներին, որոնք ոչ միայն ունեն մեծ ներուժ, այլև կարողանում են աշխատել թիմում, ստեղծագործ լուծումներ գտնել, պատասխանատվություն վերցնել որոշումների համար և ձգտել ավելի մեծ արժեք ստեղծելու։

«Մենք գտնում ենք, որ ամենամեծ ներդրումը ապագա սերնդի մեջ կատարվող ներդրումն է։ Հնարավոր է դրա արդյունքը չտեսնենք այսօր կամ վաղը, սակայն հինգ կամ տասը տարի անց անպայման կհասկանանք, թե որքան կարևոր և արդյունավետ ներդրում էր դա»,- նշեց նա։ Վաչիկ Գևորգյանի համոզմամբ՝ պատրաստված, մրցունակ և նախաձեռնող մասնագետները լինելու են Հայաստանի տնտեսական զարգացման առանցքը։

Ժամանակակից աշխատաշուկան արագ փոխվում է։ Շատ մասնագիտություններ վերափոխվում են, նոր մասնագիտություններ են առաջանում, իսկ տեխնոլոգիական զարգացումները փոխում են աշխատանքի բնույթը։ Վաչիկ Գևորգյանի կարծիքով՝ ներկայումս առավել կարևոր են ոչ թե մեխանիկական գիտելիքները, այլ արագ սովորելու, նոր իրավիճակներում կողմնորոշվելու և տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց մեկ թիմում համախմբելու կարողությունները։

«Այսօր կարևոր է ոչ միայն գիտելիք ունենալը, այլ կարողանալ արագ սովորել, արագ հարմարվել և թիմի միջոցով մեծ արդյունքներ ստեղծել։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ ուսանողները հենց ուսանողական տարիներից զարգացնեն այս հմտությունները, որպեսզի կարողանան հաջողել աշխատաշուկայում»,- նշեց նա։

Հենց այս հմտությունների զարգացմանն ուղղված CASEKEY ուսանողական մրցույթը, որտեղ մասնակիցները բախվում են իրական բիզնես խնդիրների, սահմանափակ ժամանակում մշակում լուծումներ և ներկայացնում դրանք ոլորտի փորձագետներին։ Այս գործընթացը հնարավորություն է տալիս երիտասարդներին զարգացնել վերլուծական մտածողությունը, սովորել թիմային աշխատանք, բարելավել հաղորդակցման և ներկայացման հմտությունները, ձեռք բերել իրական բիզնես միջավայրին մոտ փորձ։

Apricot Capital-ում համոզված են, որ կրթության և մասնագիտական զարգացման մեջ կատարվող ներդրումներն անմիջական ազդեցություն ունեն երկրի տնտեսական առաջընթացի վրա։ Որպես ներդրումային ընկերություն՝ կազմակերպությունը մարդկային կապիտալը դիտարկում է ամենակարևոր ռեսուրսներից մեկը։

«Մեզ համար ամենաթանկ ռեսուրսը մեր աշխատակիցներն են։ Մենք երբեք չենք ափսոսացել նրանց կրթության, գիտելիքների և կարողությունների զարգացման վրա կատարվող ներդրումները։ Սակայն հասկացել ենք, որ այդ գործընթացը պետք է սկսել շատ ավելի վաղ՝ դեռ համալսարանական տարիներից»,- նշեց Վաչիկ Գևորգյանը։ Նրա խոսքով՝ հենց նման նախաձեռնություններն են ձևավորում այն մասնագետներին, որոնք հետագայում պատրաստ են պատասխանատվություն ստանձնել, ղեկավարել թիմեր, ստեղծել նոր բիզնեսներ և զարգացնել երկրի տնտեսությունը։ Այս գաղափարը հատկապես կարևոր է Հայաստանի նման երկրների համար, որտեղ ֆինանսների, տեխնոլոգիաների, խորհրդատվության և այլ գիտելիքահենք ոլորտները կարող են դառնալ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերից։

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի համահիմնադիր և համակազմակերպիչ Հովհաննես Երիցյանի խոսքով՝ նախաձեռնության գլխավոր նպատակը հենց կիրառելի գիտելիքների փոխանցումն է։ Apricot Capital-ի և CaseKey-ի համագործակցությունը սկսվել է դեռ նախորդ տարի, երբ կողմերը համատեղ ծրագրեր էին իրականացնում ֆինանսական կրթության և ներդրումների վերաբերյալ հետաքրքրություն ձևավորելու նպատակով։

«Երիտասարդների շրջանում ֆինանսների և ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը զգալի է, ինչն էլ հիմք դարձավ համագործակցությունն ավելի ինստիտուցիոնալ մակարդակի տեղափոխելու համար։ Այս տարի Apricot Capital-ը դարձավ մեր գլխավոր գործընկերը։ Մեր համագործակցությունը երկարաժամկետ բնույթ ունի և դեռ բազմաթիվ ծրագրեր ու անակնկալներ են սպասվում մեր երիտասարդների համար»,- ասաց Հովհաննես Երիցյանը։ Ըստ նրա՝ CaseKey-ն ստեղծվել է այն համոզմամբ, որ համալսարանն ավարտող երիտասարդը պետք է կարողանա ոչ միայն տեսական գիտելիքներ ներկայացնել, այլ նաև հասկանալ, թե ինչպես է աշխատում բիզնեսը, ինչպես են կայացվում որոշումները և ինչպես են լուծվում իրական խնդիրները։

«Մենք ուզում ենք, որ մի քանի տարի անց CaseKey-ի շրջանավարտներին տեսնենք հայկական բիզնեսների միջին և բարձր ղեկավար կազմերում։ Դա կլինի մեր աշխատանքի լավագույն արդյունքը»,- ասաց նա։

CaseKey 2026-ի բացման արարողության ընթացքում մասնակիցներին ողջունեց նաև Ամարյան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Սուրեն Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ CASEKEY նախագիծը միայն մրցույթ չէ, այն ձևավորում է հաղորդակցման, համագործակցության և որոշումների կայացման հմտություններ, որոնք գնալով ավելի կարևոր են դառնում ժամանակակից աշխարհում։

Հիմնադրամը կարևոր է համարում միջազգային համագործակցությունը, ինչը հնարավորություն է տալիս հայ երիտասարդներին ծանոթանալ տարբեր երկրների փորձին, ընդլայնել աշխարհայացքը և կապվել գլոբալ գաղափարների հետ։

CaseKey մրցույթի առավելություններից մեկն այն է, որ մասնակիցները հնարավորություն են ստանում անմիջականորեն աշխատել և շփվել ոլորտի պրոֆեսիոնալների հետ։ Apricot Capital-ի գործադիր տնօրենի խոսքով՝ երիտասարդները մրցույթի ընթացքում կարողանում են ավելի լավ հասկանալ, թե ինչպես է իրականում գործում բիզնեսը, ինչ խնդիրներ են առաջանում ընկերություններում և ինչպես կարելի է գտնել լուծումներ։ Միևնույն ժամանակ բիզնեսն էլ ստանում է նոր գաղափարներ, նոր մտածողություն և թարմ մոտեցումներ, որոնք կարող են վերածվել գործնական լուծումների։

Դիմելով CaseKey 2026-ի մասնակիցներին՝ Վաչիկ Գևորգյանը կոչ արեց լինել համարձակ, ակտիվ և նախաձեռնող։ «Աշխատեք միասին, շփվեք միմյանց հետ, շատ հարցեր տվեք ոլորտի մասնագետներին և մի վախեցեք ներկայացնել ձեր գաղափարները։ Ամեն ինչ արեք, որպեսզի ձեր առաջարկները վերածվեն իրականության»,- եզրափակեց Վաչիկ Գևորգյանը։

Apricot Capital-ը հայկական ներդրումային ընկերություն է, որը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել միջազգային ֆինանսական շուկաներում և օգտվել տարբեր ներդրումային գործիքներից, այդ թվում՝ Apricot Capital հավելվածից։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին Վարդան Ամարյանի կողմից և մատուցում է բրոքեր-դիլերային, ակտիվների կառավարման և ներդրումային խորհրդատվության ծառայություններ։

Կրթական նախաձեռնությունների, համալսարանների հետ համագործակցության, ուսանողների համար կազմակերպվող մաստեր-կլասների և CaseKey-ի նման ծրագրերի միջոցով ընկերությունը նպաստում է ֆինանսական գրագիտության բարձրացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և Հայաստանի ներդրումային էկոհամակարգի ամրապնդմանը։

Ի դեպ, միջոցառման անակնկալները սկսվել էին մեկնարկից։ Apricot Capital-ը մասնակիցների համար պատրաստել էր հատուկ բրենդավորված էկո–պայուսակներ նվերներով՝ ընկերության մոտիվացնող ու խորհրդանշական  «CLIMB HIGHER. PANIC LESS» կարգախոսով, որը հիանալի կերպով արտահայտում է մրցույթի փիլիսոփայությունը՝ ձգտել ավելի բարձր արդյունքների և սառնասրտորեն հաղթահարել ցանկացած բիզնես մարտահրավեր:

CaseKey 2026-ում գլխավոր հովանավորի դեր ստանձնելով՝ Apricot Capital-ը ևս մեկ անգամ վերահաստատում է իր համոզմունքը, որ Հայաստանի ապագա տնտեսական հաջողությունը կառուցվում է կրթված, մրցունակ և նախաձեռնող երիտասարդների վրա։ Եվ հենց այդ պատճառով մարդկային կապիտալի զարգացման մեջ կատարվող ներդրումները շարունակում են մնալ ընկերության ռազմավարական առաջնահերթություններից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *