«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը

Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերին, կան զոհեր ու վիրավորներ։ Սա Մոսկվային հասցված աննախադեպ հարվածներից հետո ռուսական պատասխանն է թերևս։ Սակայն միջազգային մամուլն այսօր ոչ թե Ուկրաինային հասցված հարվածների մասին է գրում, այլ վերլուծում է, թե ինչ կատարվեց Մոսկվայում նախօրեին։ Մասնավորապես, շեշտվում է, որ եթե Կիևը կարողացավ ամենապաշտպանված Մոսկվային այնպես հարվածել, որ Ռուսաստանի մայրաքաղաքը կրակի ու ծխի մեջ հայտնվի, ապա կարելի է ասել, որ իրադրությունը փոխվել է։

Կապոտնայի նավթավերամշակման այրվող գործարանը դարձել է պատերազմի տխուր պատկերի մասին վկայող խորհրդանիշ: Միջազգային մամուլն այսպես է նկարագրում ռուս-ուկրաինական պատերազմում տիրող իրավիճակը։ Մասնավորապես, շեշտվում է, որ Մոսկվան չի կարող պաշտպանել անգամ իր ամենամեծ ուժը՝ նավթագազային արդյունաբերությունը։

Հունիսի 18-ին Ուկրաինան անօդաչու սարքերով իրականացրեց պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի վրա ամենածավալուն և ամենդիպուկ հարվածները։

«Բելայա Դաչա» առևտրի կենտրոնը, «Սադովոդ» շուկան և մի քանի այլ օբյեկտներ հարձակման ենթարկվեցին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարվածը կոչեց արդարացի պատասխան ուկրաինական քաղաքների վրա շարունակվող ռուսական հարձակումներին:

Զելենսկին հայտարարեց՝ ժամանակն է, որ ռուսները սկսեն ճնշում գործադրել իրենց առաջնորդ Վլադիմիր Պուտինի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար։

«Եթե Պուտինը չի ցանկանում դադարեցնել այս պատերազմը և ցանկանում է շարունակել այն, մենք չենք նստի հանգիստ, մենք կպատասխանենք։ Պատասխանը պետք է լինի ուժեղ և արդար։ Նրանք հարվածեցին Մայրավանքին։ Լրագրողների հետ մեր հանդիպման ժամանակ, երբ մենք այնտեղ էինք, ես անկեղծորեն ասացի, որ մենք կպատասխանենք և դուք կտեսնեք այն։ Կարծում եմ՝ դուք հիմա տեսնում եք այն»։

Աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցները հրապարակում են Կրեմլից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մոսկվայի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի, քաղաքի վրա տարածվող սև ծխի կադրերն ու լուսանկարները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ հակաօդային պաշտպանությունը մի քանի շրջաններում ոչնչացրել է ուկրաինական 200 ԱԹՍ՝ երբ դրանք մոտենում էին Ռուսաստանի մայրաքաղաքին։ Նշվում է, որ գրանցվել է մոտ 900 հարձակում։

Ըստ Ուկրաինական կողմի՝ դա մոտավորապես կրկնակի ավել է, քան անցած գիշեր Ուկրաինայի վրա արձակած ռուսական անօդաչուների քանակը։ Մոսկվայի  օդանավակայաններում դադարեցված  են թռիչքները։ Նշվում է, որ 17 մարդ վնասվածքներ է ստացել։

Միջազգային մամուլը տարածում է հատկապես նավթավերամշակման գործարանի վառելիքի բաքի կափարիչի թռչելու կադրերը և գրում, որ այդ պատկերը հիշեցնում է «Աստեղային պատերազմներ» ֆիլմի հատուկ էֆեկտները։

DW-ն գրում է․ «Շենքերի փլուզման ու այրվող քաղաքի կադրերը իրական նախանշաններ են, որոնք ցույց են տալիս հսկայական, բազմամիլիոնանոց մեգապոլիսի՝ եվրոպական մայրցամաքի ամենամեծ քաղաքի կլանման մասին»։

BBC News-ն էլ հաղորդում է, որ Ռուսաստանի իշխանությունները ձևացնում են, թե ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել։

«Ռուսական հեռուստաընկերությունները շատ քիչ տեղեկություններ են հաղորդում կատարվածից, ընդամենը մի քանի րոպե՝ ուր քաղաքապետ Սոբյանինը հաղորդում է թե քանի անoդաչուներ է խոցել ռուսական կողմը։ Սոցցանցերում ակտիվ քննարկում են ուկրաինական հարվածների թեման, մասնավորապես շեշտվում է, որ եթե կարողացան հարվածել Մոսկվայի նավթավերամշակման գործարանին, որն ամենապաշտպանվածներից էր, ինչ կարող է պատահել Ռուսաստանի մյուս շրջաններում, որտեղ պաշտպանությունը քիչ է, քան Մոսկվայում։ Որոշ բլոգերներ ասում են, որ այժմ իրենց ավելի շատ հետաքրքրում է իրավիճակը Ռուսաստանի ներսում և ոչ թե այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում կամ ռազմաճակատում։ Որքան էլ ՌԴ իշխանությունները խոսում են անվտանգության մասին,  վստահությունը սեփական անվտանգության հարցում նվազում է»։

Մամուլի գրում է նաև, որ իրավիճակը զգալիորեն փոխվեց, երբ ԱՄՆ-ն ու Իրանը ստորագրեցին ռազմական գործողությունները դադարեցնելու հուշագիրը, և երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց ուկրաինական հարցին վերադառնալու մասին։ 

Արևմտյան վերլուծաբանները շեշտում  են, որ Մոսկվայում մոլեգնող կրակը միայն ընդգծում է այն փոփոխությունները, որոնք կարող են պատմական նշանակություն ունենալ Պուտինի ռեժիմի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *