
«Հրապարակի» զրուցակիցը ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է։
– Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո Ալիեւի խորհրդական Հիքմեթ Հաջիեւն այցելեց Հայաստան, սակայն հայ ռազմագերիների ճակատագիրն անհայտ է։ Ռազմագերիների հարցով որեւէ տեղաշարժ կա՞։
– Մենք դրական տեղաշարժերի մասով չունենք դրական արձանագրում, այս պահին նրանք միայն որոշ իրավունքներից են օգտվում, օրինակ՝ ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգեր են ունենում: Եվ կան ահազանգեր, որ ռազմագերիներից շատերի առողջական վիճակը գնալով ավելի է վատթարանում, ինչպես նաեւ՝ նրանց մոտ դիտարկում ենք հոգեբանական վիճակի անկում։ Անորոշությունը խիստ բացասաբար է անդրադառնում այնտեղ գտնվող հայերի ֆիզիկական, ինչպես նաեւ՝ հոգեբանական առողջության վրա։ Տեղաշարժեր չկան նաեւ նրանց` արտաքին աշխարհի հետ կապերը վերականգնելու առումով։ Կան մի քանի նախաձեռնություններ այժմ, որոնցից մեկը պարոն Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությունն է, որն իրավապաշտպանական նախաձեռնություն է եւ խիստ մարդասիրական բնույթ ունի` օտարերկրյա կին իրավապաշտպանների ներգրավմամբ։ Նախաձեռնությունը խնդրանք-պահանջով է հանդես եկել` ուղղված Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի կարճատեւ այցելության հնարավորություն տրվի՝ անձնական իրերի, նամակների փոխանցման համար։ Մենք հետեւում ենք, թե ինչ արձագանք կտա Ադրբեջանի իշխանությունը, ի դեպ, նաեւ հետեւում ենք ադրբեջանական հանրային արձագանքներին, ուսումնասիրել ենք դրանք, եւ կարող եմ ասել, որ դրանք, մեղմ ասած, դրական չէին, ադրբեջանցիները, մարդասիրական հարցերին անդրադառնալու փոխարեն, հայերի նկատմամբ բացառապես ատելություն են գեներացնում, ինչը ցույց է տալիս, թե ինչպիսին են Ադրբեջանի հասարակական տրամադրությունները։ Ըստ էության, նրանց տրամադրություններում ոչինչ չի փոխվել։ Ինչ վերաբերում է գերիների ընտանիքներին, ապա մենք նրանց հետ կապի մեջ ենք, տարբեր նախաձեռնությունների վրա ենք աշխատում, սակայն դրանց մասին խոսելու հնարավորություն կունենամ ավելի ուշ։ Ամեն դեպքում, մենք գործում ենք բաց եւ եթե դիմենք որեւէ կառույցի, ընտրելու ենք բաց նամակի ձեւաչափը, ուստի մեր քայլերին ծանոթանալու հնարավորություն կունենան բոլորը։ Վերահաստատեմ` վերաքննիչ դատարանի գործընթացներին հետեւում ենք, զուգահեռաբար նախապատրաստական քայլեր ենք իրականացնում, որպեսզի շինծու դատավարությունների ընթացքում տեղ գտած խախտումները եւ ապօրինի դատավճիռների հարցերը բարձրաձայնվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Հինգշաբթի օրվա վճիռն էլ մեզ ցույց տվեց, որ գուցե ուշացած, բայց հնարավոր է հասնել արդարության Եվրոպական դատարանի եւ միջազգային ատյանների միջոցով։
– Քանի որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանի դեմ ուղղված բոլոր միջազգային հայցերից, ի՞նչ կարծիքի եք հինգշաբթի օրը հրապարակված դատավճռի եւ հայկական կողմի հաղթանակի մասին։
– Այդ վճիռը կայացվել է անհատական գանգատի հիման վրա, դիմումատուները եղել են Հայկ Թորոյանի ծնողները, այլ ոչ թե պետությունը, այդ թվում՝ Թորոյանի քույրը, ինչպես նաեւ՝ վեց հոգանոց փաստաբանական թիմ է ներգրավված եղել պրոցեսում, այդ թվում՝ ես։ Դատարանի քննարկման ներքո են գտնվում 2016 թ. պատերազմի ժամանակ նաեւ այլ անձանց դեմ կատարված հանցագործությունները, Հայկ Թորոյանի գլխատման դեպքը միակը չէ։ Եղել են նաեւ խոշտանգման դեպքեր՝ տարբեր քաղաքացիական անձանց մասնակցությամբ, տարեցների եւ այլն։ Դրանք նույնպես կատարվել են պատերազմի ժամանակ եւ պատերազմական հանցագործություններ են համարվում, դիերի նկատմամբ անդամախեղումների դեպքեր եւս եղել են, եւ այդ բոլորը փաստագրվել եւ ներկայացվել է ՄԻԵԴ։ Սպասում ենք նոր դատական ակտերի, որտեղ հայ տուժողները կրկին դրական արդյունքների կհասնեն։ Անհատական գործեր կան՝ նաեւ 44-օրյա պատերազմի հետ կապված։ Հարյուրավոր գործեր վերաբերում են պատերազմական հանցագործություններին։ Մեծաթիվ գործեր կան, որոնք առնչվում են բռնի տեղահանությանը եւ միջազգային կոնվենցիաներով հաստատված վերադարձի իրավունքին։ Միջպետական գանգատներից հրաժարումը չի կարող հանգեցնել անհատական գործերի քննության դադարեցման։ Մենք որեւէ դատական պրոցեսից չենք պատրաստվում հրաժարվել։ Արդարությունը վերականգնելու մեր ջանքերը շարունակական են լինելու։
– Նշեցիք, որ հայ ռազմագերիներն առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Ո՞ւմ մասին է խոսքը։
– Մանրամասներ չեմ կարող ասել, կան մարդիկ, ովքեր ունեն լուրջ խնդիրներ` կապված թոքերի, այլ կենսական օրգանների հետ։ Պատշաճ բուժօգնություն չի կազմակերպվում, ուստի նման պայմաններում հիվանդությունները սրվում են, բարդանում, անգամ նրանց ձայնից է դա նկատելի։