Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումը Մերձավոր Արևելքում հարատև խաղաղություն չի բերի, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Նրա կարծիքով՝ անկայունության հիմնական գործոնը շարունակում է մնալ Իսրայելը, որը, որպես պայմանավորվածությունների ոչ պաշտոնական «երրորդ կողմ», ցանկացած պահի կարող է տապալել փխրուն զինադադարը։
Մեդվեդևը նշել է, որ Թեհրանը «այս պատերազմում չի պարտվել Վաշինգտոնին»՝ չնայած երկրի ղեկավարի սպանությանը և հասցված հուժկու հրթիռային հարվածներին։
«Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պատերազմում՝ չնայած Իրանի պետության ղեկավարի սպանությանը և ավերիչ հրթիռային հարվածներին», — «X» սոցիալական ցանցի իր էջում գրել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ Իսրայելը դեռևս շահագրգռված է հակամարտության շարունակմամբ, քանի որ «ոխ է պահել» և ձգտելու է պատասխան քայլեր կատարել։ Այս համատեքստում նա կասկած է հայտնել ձեռք բերված ցանկացած պայմանավորվածության կայունության հարցում և հավելել, որ տարածաշրջանում խաղաղություն ակնկալելը դեռ վաղ է։
Մեդվեդևն անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցին՝ այն որակելով որպես ռազմավարական ճնշման լծակ և անվանելով «պարսկական միջուկային գործիք», որը, ըստ նրա, կարող է օգտագործվել նաև ապագայում։
Առանձին անդրադարձ կատարելով Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության շուրջ ստեղծված իրավիճակին՝ նա նշել է, որ պետության թույլատրելի գործողությունների շրջանակը բավականին լայն է և սահմանափակվում է միայն խաղաղ բնակչությանը դիտավորյալ թիրախավորելու արգելքով։