Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ամերիկա-իսրայելական դիմակայության ընթացքում Միացյալ Նահանգները դրսևորվել են որպես «հուսահատված, պարտված հանցագործ», հայտնում է Mehr լրատվական գործակալությունը:
Ռեզայիի խոսքով՝ հակամարտության միջնամասում ԱՄՆ-ն ու Իսրայելը կորցրել են իրադարձությունների զարգացման նկատմամբ վերահսկողությունը և հայտնվել ռազմավարական փակուղում: Նա այս դիմակայության արդյունքը կապել է միջազգային ասպարեզում Վաշինգտոնի դիրքերի թուլացման հետ:
Որպես նման արդյունքի պատճառներ՝ նա նշել է ԱՄՆ-ի ներքաղաքական բարդությունները, ամերիկյան զինված ուժերի ոչ բավարար պատրաստվածությունը, մի շարք ռազմավարական ուղղություններով, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում, ռազմական լուծումների բացակայությունը, ինչպես նաև Կոնգրեսում առկա տարաձայնություններն ու դաշնակիցների կողմից սահմանափակ աջակցությունը:
Ռեզային անդրադարձել է նաև Իրանի զինված ուժերի գործողություններին՝ հայտարարելով, որ հարվածներ են հասցվել ամերիկյան ժամանակակից ռազմական տեխնոլոգիաներին, ինչի արդյունքում հակամարտության ավարտին Իրանի միջազգային դիրքերն էլ ավելի են ամրապնդվել:
Մեկնաբանելով հնարավոր ապագա բանակցությունները՝ Ռեզային ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ ցանկացած համաձայնագիր պետք է հստակ ձևակերպված լինի իրավական և տեխնիկական տեսանկյունից, հատկապես՝ պատժամիջոցների ռեժիմի և ռազմական ներկայության հարցերում: Որպես օրինակ նա նշել է հնարավոր համաձայնագրի կնքումից հետո 30 օրվա ընթացքում Իրանի շրջակա տարածաշրջաններից ամերիկյան ուժերի դուրսբերման պահանջը։
Նա վկայակոչել է նաև վերջերս կնքված ամերիկա-իրանական համաձայնագիրը՝ նշելով, որ Իրանի գերագույն առաջնորդը հավանություն է տվել դրա ստորագրմանը՝ երկրի և «դիմադրության ճակատի» շահերը հաշվի առնելու պայմանով: