Սալվադորի իշխանություններն ավելի քան վեց տոննա կոկաին են առգրավել Խաղաղ օվկիանոսում, հայտնել է երկրի նախագահ Նայիբ Բուկելեն։
Նրա խոսքով՝ թմրանյութերը հայտնաբերվել են հինգշաբթի օրը՝ երկրի ռազմածովային ուժերի կողմից իրականացված գործողության ընթացքում, երկու տարբեր նավերի վրա։ Դրանցից յուրաքանչյուրում եղել է գրեթե հավասար քանակությամբ կոկաին, ինչպես նաև անձնակազմի երեքական անդամ։
Առգրավված խմբաքանակի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 167 միլիոն դոլար։ Բուկելեն այս գործողությունն անվանել է «նոր ազգային ռեկորդ»։
Գործողության ընթացքում ձերբակալվել է վեց մարդ։
«Մենք շարունակում ենք թմրաբիզնեսի դեմ պայքարն այնտեղ, որտեղ նախկինում այն գործում էր գրեթե անպատիժ», — X սոցիալական ցանցի իր էջում գրել է Սալվադորի նախագահը։
Բուկելեի տվյալներով՝ ընթացիկ տարվա սկզբից ի վեր Սալվադորում արդեն առգրավվել է ավելի քան 13 տոննա կոկաին, որի ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է շուրջ 332 միլիոն դոլար։