Բուդանովն ու Սիբիգան հրաժարվել են լեհական պետական պարգևներից՝ Զելենսկուն Սպիտակ Արծվի շքանշանից զրկելուց հետո

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլո Բուդանովը հայտարարել է լեհական պետական պարգևից՝ «Լեհաստանին մատուցած ծառայությունների համար» շքանշանի Ոսկե սպայական խաչից հրաժարվելու մասին: Նա այդ շքանշանն ստացել էր անցյալ տարի։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։

Նա իր այս որոշումը բացատրել է որպես պատասխան քայլ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու վերջին գործողությանը, որով վերջինս Վլադիմիր Զելենսկուն զրկել էր լեհական բարձրագույն պետական պարգևից (Սպիտակ արծվի շքանշանից)։

Բուդանովի խոսքով՝ Լեհաստանի ղեկավարի այս քայլը «ոչ բարեկամական արարք» էր ուկրաինական ժողովրդի հանդեպ և կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից՝ սեփական շահերից ելնելով։

«Մեր ժողովուրդներն ունեն դարավոր հարաբերություններ և պատմության տարբեր էջեր՝ ինչպես հերոսական, այնպես էլ ողբերգական։ Սակայն դա պետք է խորը վերլուծության առիթ դառնա, այլ ոչ թե կոպիտ քաղաքական շահարկումների։ Ուկրաինան որևէ այլ ժողովրդի չի թելադրում, թե ինչպես դասավանդել սեփական պատմությունը։ Ուստի և մենք մեզ վերապահում ենք մեր ազգային հիշողության ու արժանապատվության արդարացի իրավունքը», — հայտարարել է Բուդանովը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան կշարունակի հավատարիմ մնալ դաշնակիցների հետ գործընկերության սկզբունքներին, սակայն այդ համագործակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և իրավահավասարության վրա։

«Ինչպես ցանկացած ուկրաինացի, ես նույնպես չեմ կարող անտարբեր մնալ ու պարզապես կողքից հետևել, թե ինչպես է մեր քաղաքացիների դեմ անհիմն ու արհեստականորեն ատելության մեքենա գործարկվում։ Հաշվի առնելով այս ամենը՝ ես հրաժարվում եմ «Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի Ոսկե սպայական խաչից», — նշել է նա։

Բուդանովը նաև հավելել է, որ Ուկրաինան շարունակում է առանցքային դեր խաղալ Եվրոպայի, այդ թվում՝ Լեհաստանի անվտանգության ապահովման գործում և դրա համար բարձր գին է վճարում։

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան նույնպես հայտնել էր լեհական պարգևից՝ 2022 թվականին ստացած «Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի Աստղով կոմանդորական խաչից հրաժարվելու մասին։

Վլադիմիր Զելենսկուն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու որոշումը Վարշավան կայացրել է հունիսի 19-ին։ Լեհական կողմն այս քայլը հիմնավորել է պետական բարձրագույն պարգևի հեղինակությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Հարաբերությունների սրման պատճառ է դարձել Զելենսկու հրամանագիրը, որով Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումներից մեկին շնորհվել է «ՈւԱԲ հերոսների անվան» պատվավոր կոչումը։ Սա լեհական կողմի խիստ արձագանքն է առաջացրել՝ պատմական հարցերի շուրջ շարունակվող վեճերի ֆոնին։

Սպիտակ արծվի շքանշանը Զելենսկուն հանձնվել էր 2023 թվականին Լեհաստանի այն ժամանակվա նախագահ Անջեյ Դուդայի կողմից՝ որպես Վարշավայի և Կիևի միջև առանձնահատուկ հարաբերությունների խորհրդանիշ։

Լեհաստանի և Ուկրաինայի միջև հիմնական հակասությունը կապված է 1943–1945 թվականների Վոլինյան կոտորածի հետ։ Այդ ժամանակահատվածում ՈւԱԲ-ի (Ուկրաինական ապստամբական բանակ) ստորաբաժանումները զանգվածային սպանություններ են իրականացրել Վոլինում և Արևելյան Գալիցիայում բնակվող լեհ խաղաղ բնակչության շրջանում։ Այդ գործողությունների զոհ են դարձել տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ, այդ թվում՝ կանայք, երեխաներ ու տարեցներ։

Լեհաստանն այս իրադարձությունները դիտարկում է որպես լեհ ժողովրդի ցեղասպանություն։ 2016 թվականին Լեհաստանի խորհրդարանը Վոլինյան կոտորածը պաշտոնապես ճանաչել է որպես ցեղասպանություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *