Հորդանանը դատապարտել է Իսրայելի կողմից Արևելյան Երուսաղեմում Հունաց ուղղափառ եկեղեցուն պատկանող հողի զավթումը

Հորդանանը խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները, որոնցով վերջինս բռնագրավել է օկուպացված Արևելյան Երուսաղեմի Սիլվան թաղամասում գտնվող Հունաց ուղղափառ պատրիարքությանը պատկանող հողերը։ Հորդանանը տեղի ունեցածն անվանել է «միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում», ինչպես նաև «ոտնձգություն պատմական ու իրավական գոյություն ունեցող ստատուս քվոյի նկատմամբ»։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Հորդանանի ԱԳՆ մամուլի քարտուղար, դեսպան Ֆուադ ալ-Մաջալին հայտարարել է, որ թագավորությունը «լիովին մերժում է բոլոր միակողմանի, ապօրինի և սադրիչ միջոցները, որոնք ուղղված են Երուսաղեմում և նրա սրբավայրերում պատմական ու իրավական գոյություն ունեցող ստատուս քվոյի փոփոխմանը»՝ ընդգծելով, որ «Իսրայելը սուվերենություն չունի օկուպացված Երուսաղեմի և նրա իսլամական ու քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ»։

Նա նաև նշել է, որ իր ազգային տարածքում անկախ պաղեստինյան պետության ստեղծումը միակ ուղին է արդար ու համապարփակ խաղաղության հասնելու և տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։

Ըստ հաղորդագրությունների՝ իսրայելական իշխանությունները հողատարածքն իրենց վերահսկողության տակ են վերցրել երկուշաբթի օրը. պատրիարքության ներկայացուցիչը վտարվել է տարածքից, տեխնիկան առգրավվել է, ծառերն արմատախիլ են արվել, իսկ տարածքը՝ ցանկապատվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *