NBC News-ի հարցումը․ ամերիկացիների 80 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ում քաղաքացիական կրթությունը բավարար չէ

NBC News-ի նոր համազգային հարցման համաձայն՝ ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ-ում քաղաքացիական կրթությանը՝ պետական կառուցվածքի և ժողովրդավարության հիմունքների ուսումնասիրմանը, բավարար ուշադրություն չի հատկացվում։

More Perfect կազմակերպության աջակցությամբ 3 000 չափահասների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 80 տոկոսը քաղաքացիական առարկաների դասավանդման մակարդակը համարում է անբավարար, ընդ որում՝ 51 տոկոսը նշել է, որ այն «ծայրահեղ անբավարար» է։

Այս դիրքորոշումը կայուն է եղել՝ անկախ քաղաքական հայացքներից և տարիքից․ պրոգրեսիստների 87 և MAGA շարժման կողմնակիցների 84 տոկոսը համաձայնել է, որ քաղաքացիական կրթությանը քիչ ուշադրություն է հատկացվում։ Նույն կարծիքը կիսում են նաև բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչները։

Զուգահեռաբար, հետազոտությունը բացահայտել է վստահության ցածր մակարդակ իշխանության առանցքային ինստիտուտների նկատմամբ։ Հարցվածների միայն 12 տոկոսն է հայտնել, որ վստահում է Կոնգրեսին, իսկ 18 տոկոսը՝ դաշնային կառավարությանը։ Տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև համալսարանների և դպրոցների նկատմամբ վստահության մակարդակը փոքր-ինչ բարձր է, սակայն նույնպես մնում է սահմանափակ։

Հարցման առանձին բաժինը ցույց է տվել կարծիքների պառակտում իշխանության հավասարակշռության հարցում․ հարցվածների 48 տոկոսը կարծում է, որ երկրին անհրաժեշտ է ուժեղ գործադիր ղեկավարություն, որը կարող է գործել առանց Կոնգրեսի և Գերագույն դատարանի զգալի մասնակցության, մինչդեռ 48 տոկոսը նման մոտեցումը վտանգավոր է համարում։

Չնայած տարաձայնություններին՝ հետազոտությունը նաև արձանագրել է կոնսենսուսի տարր․ ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ քաղաքացիները կիսում են ընդհանուր հիմնարար արժեքները, թեև քաղաքականության և հասարակական հարցերի վերաբերյալ նրանց հայացքները տարբերվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *