Ճանապարհորդություն ժամանակի մեջ․ Քեմբրիջում վերստեղծել են 17-րդ դարի լեգենդար այգին

Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջում ավարտել են անսովոր պատմական նախագիծը․ այգեպանները փորձել են վերականգնել անգլիացի նշանավոր բնագետ Ջոն Ռեյի առաջին հայտնի այգին, որին շատերը համարում են ժամանակակից կենսաբանության հիմնադիրներից մեկը և «բնապատմության հայրը», գրել է The Guardian-ը։

Նախագիծը նվիրված է գիտնականի ծննդյան 400-ամյակին, որը կնշվի հաջորդ տարի։

Ջոն Ռեյը գիտության պատմության մեջ մտել է որպես մարդ, ով բուսաբանության մեջ ներմուծել է «ծաղկաթերթ» և «փոշեհատիկ» տերմինները, ինչպես նաև հիմք է դրել կենդանի օրգանիզմների գիտական դասակարգմանը։ Սակայն քչերը գիտեն, որ բույսերի իր առաջին համակարգված ուսումնասիրությունները նա սկսել էր դեռևս 1650-ականներին, երբ աշխատում էր որպես երիտասարդ դասախոս Քեմբրիջում։

Հենց այդ ժամանակ Ռեյը Թրինիթի քոլեջի տարածքում հիմնել է փոքրիկ այգի և սկսել աճեցնել բույսեր, որոնք հավաքել էր Քեմբրիջշիր կոմսությունում կատարած արշավների ընթացքում։

Ժամանակակից այգեպանները վերականգնել են այդ տարածքը՝ օգտվելով 1690 թվականի փորագրության հուշումներից։ Նոր այգին գտնվում է նույն վայրում, որտեղ, պատմաբանների կարծիքով, եղել է Ռեյի բնօրինակ այգին՝ Թրինիթիի մեկ այլ մեծանուն շրջանավարտ Իսահակ Նյուտոնի անվան հետ կապված հանրահայտ խնձորենու ժառանգորդի մոտակայքում։

Վերակառուցման համար հարկ է եղել իրական պատմական հետաքննություն անցկացնել։ Քոլեջի գլխավոր այգեպան Քարեն Ուելսն ուսումնասիրել է Ռեյի 1660 թվականին լատիներեն հրատարակած Catalogue of Plants Growing Around Cambridge աշխատությունը։ Այդ գրքում գիտնականը բազմիցս հիշատակում էր բույսերը, որոնք աճեցնում էր իր «փոքրիկ քեմբրիջյան այգում»։

Հետազոտողների գնահատմամբ՝ Ռեյը փորձում էր մշակել մոտ 700 տարբեր բույսեր։ Դրանց մեջ կային ինչպես սովորական տեղական տեսակներ, այնպես էլ հազվագյուտ ճահճային քարաքոսներ, սնկեր և նույնիսկ թունավոր բույսեր։

Սակայն այգու ժամանակակից ստեղծողները շեշտը դրել են երաշտադիմացկուն և փոշոտողներին օգտակար բույսերի վրա։ Թարմացված այգում հայտնվել են քաղաքային գրավիլատը, բուժիչ աբեղախոտը, ոսկե ձողիկը, խոշոր պրոստրելը և ցեցաձև կովախոտը՝ տեսակներ, որոնք օգնում են պահպանել կենսաբազմազանությունը և գրավում են մեղուներին ու թիթեռներին։

Առանձնահատուկ տեղ է հատկացվել «Բարի արքա Հենրի» անսովոր անունով բույսին՝ միջնադարյան բանջարաբոստանային մշակաբույսին, որը տնկվել է ի պատիվ Հենրի VIII թագավորի, որը 1546 թվականին հիմնադրել է Թրինիթի քոլեջը։ Ինքը՝ Ռեյը, գրում էր, որ դրա երիտասարդ ցողունները հատկապես համեղ են, եթե պատրաստվեն կարագով։

Սակայն այս վայրի պատմությունը կապված չէ միայն Ջոն Ռեյի հետ։ 2005 թվականին հետազոտողները, որոնք փորձում էին պարզել Իսահակ Նյուտոնի քիմիական լաբորատորիայի գտնվելու վայրը, այգու կից հողում հայտնաբերեցին պղնձի, մկնդեղի, ոսկու, սնդիկի և այլ մետաղների բարձր խտություններ։ Աղյուսի ու շինարարական շաղախի մնացորդների հետ միասին այս գտածոները թույլ տվեցին ենթադրել, որ հենց այստեղ է գտնվել Նյուտոնի անձնական լաբորատորիան։

Թրինիթի քոլեջի պատմաբան Ռիչարդ Սերջանթսոնի խոսքով՝ այս հատվածը կարող է լինել 17-րդ դարի ամենանշանակալի գիտական վայրերից մեկը։

«Հաշվի առնելով Ռեյի և Նյուտոնի աշխատանքների հետ կապը՝ հնարավոր է, որ սա գիտական տեսանկյունից ողջ 17-րդ դարի ամենակարևոր հողակտորն էր», — նշել է նա։

Ինքը՝ Ջոն Ռեյը, դարբնի ընտանիքից էր և 16 տարեկանում կրթաթոշակով ընդունվել էր Քեմբրիջ։ Իր հանրահայտ բուսական աշխարհի կատալոգի նախաբանում նա հիշում էր, որ բնության հանդեպ հետաքրքրությունն իր մեջ առաջացել էր հիվանդության ժամանակ, երբ զբոսանքներն ու ձիավարություններն օգնում էին շեղվել ծանր ուսումից։

Այսօր վերականգնված այգին հիշեցնում է ոչ միայն ժամանակակից բուսաբանության ծննդի, այլև այն ժամանակների մասին, երբ բնության ուսումնասիրությունը սկսվում էր սեփական տան շեմին բառացիորեն աճող բույսերի ուշադիր դիտարկումից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *