Թրամփի նախկին խորհրդականը ծաղրել է Իրանում զինված պայքարի համար Ռեզա Փահլավիի բանակ կազմավորելու գաղափարը

ԱՄՆ նախագահի տեխնոլոգիաների հարցերով նախկին խորհրդական Դևիդ Սաքսը աջակցություն է հայտնել ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրին՝ այն անվանելով «նշանակալի ձեռքբերում» և նախընտրելի տարբերակ՝ երկարատև ռազմական հակամարտության համեմատությամբ։

All-In Podcast-ի եթերում նա հայտարարել է, որ լարվածության սրման կոչերը, այդ թվում՝ Իրանում հնարավոր ցամաքային ներխուժման քննարկումները, գործնական իմաստ չունեն երկրի մասշտաբների և հնարավոր կորուստների պատճառով։ Նրա գնահատմամբ, նման գործողությունը կարող էր պահանջել մինչև մեկ միլիոն զինծառայող և կդառնար «ինքնասպանական առաքելություն»։

Սաքսը նաև թերահավատորեն է արտահայտվել աքսորյալ ընդդիմադիր իրանցի քաղաքական գործիչ Ռեզա Փահլավիի մասին՝ նշելով, որ նրա կողմնակիցները դժվար թե պատրաստ լինեն զինված պայքարի։ Նա հեգնանքով ասել է, որ եթե Փահլավին «ուզում է բանակ հավաքել Բևերլի-Հիլզում իր կողմնակիցների շրջանում՝ թող փորձի»՝ հավելելով, որ իր կարծիքով հարմարավետ կյանք վարող մարդիկ զանգվածաբար չեն մասնակցի նման գործողությունների։

Ռազմական էսկալացիայի փոխարեն Սաքսը կոչ է արել կենտրոնանալ համաձայնագրի ստուգման և իրագործման վրա՝ ընդգծելով դիվանագիտությանը հնարավորություն տալու անհրաժեշտությունը։ Նա զգուշացրել է «Իրաքում և Աֆղանստանում ձգձգված պատերազմների» կրկնությունից։

«Եկեք խաղաղությանը հնարավորություն տանք», — հայտարարել է նա՝ հավելելով, որ չի հասկանում նրանց, ովքեր հանդես են գալիս հակամարտության «անվերջ» շարունակման օգտին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *