The Observer․ Սթարմերը կարող է իր հրաժարականի հայտարարությամբ հանդես գալ արդեն երկուշաբթի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է արդեն այս շաբաթ հայտարարել կառավարության ղեկավարի պաշտոնից իր հեռանալու ժամանակացույցը, գրում է The Observer պարբերականը՝ հղում անելով Լեյբորիստական կուսակցության աղբյուրներին։

Նրանց տվյալներով, Սթարմերն ավելի ու ավելի է հակվում այն մտքին, որ իր հետագա պաշտոնավարումը քաղաքականապես դժվարանում է։ Ինչպես նշվում է, նման որոշումը դարձել է կաբինետի նախարարների, խորհրդականների, արհմիութենական առաջնորդների և կուսակցության խոշոր հովանավորների հետ մի շարք խորհրդակցությունների արդյունք։

Աղբյուրների տվյալներով, վերջնական որոշումը Մեծ Բրիտանիայի վարչապետը պետք է ընդունի հանգստյան օրերից հետո, որոնք նա անցկացնում է իր գյուղական Չեքերս նստավայրում՝ կնոջ՝ Վիկտորիա Սթարմերի հետ միասին։ Լեյբորիստական շրջանակներում չեն բացառում, որ հետագա ծրագրերի մասին հայտարարությունը կարող է հնչել արդեն երկուշաբթի։

Պարբերականի զրուցակիցները պնդում են, որ Սթարմերը ձգտում է խուսափել ներկուսակցական ճգնաժամից և կազմակերպել իշխանության կանոնակարգված փոխանցում։ Նրա մերձավոր համախոհներից մեկը հայտարարել է, որ վարչապետը մտադիր չէ հեռանալ՝ իր հետևից թողնելով քաղաքական վակուում, այլ ցանկանում է ապահովել հնարավորինս հանգիստ անցումային շրջան։

Սթարմերի նկատմամբ ճնշումն ուժեղացավ Մեյքերֆիլդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններում Էնդի Բըրնեմի հաղթանակից հետո։ Բըրնեմը, որը երկուշաբթի պետք է պաշտոնապես զբաղեցնի իր տեղը խորհրդարանում, համարվում է Լեյբորիստական կուսակցության առաջնորդության գլխավոր հավակնորդը։

Բըրնեմի կողմնակիցները պնդում են, որ նրա թեկնածությանը պատրաստ են աջակցել լեյբորիստ պատգամավորներից ավելի քան 200-ը։ Նրանց կարծիքով,՝ դա վկայում է կուսակցության ներսում ուժերի հավասարակշռության լուրջ փոփոխության մասին և զգալիորեն ամրապնդում է քաղաքական գործչի դիրքերը։

Կուսակցության ներկայացուցիչների վկայությամբ, այժմ շատ պատգամավորներ Բըրնեմին դիտարկում են որպես քաղաքական գործչի, որը կարող է հաջողությամբ դիմակայել ապագա ընտրություններում Reform UK կուսակցության աճող ազդեցությանը։ Լեյբորիստական կուսակցության բարձրաստիճան անդամներից մեկը նշել է, որ Բըրնեմի վստահ հաղթանակը Մեյքերֆիլդում ցույց տվեց նրա կարողությունը՝ գրավելու ընտրողների լայն շրջանակ և ամրապնդեց նրա դիրքերը որպես կուսակցության հնարավոր առաջնորդ։

Պաշտոնապես Դաունինգ-սթրիթը դեռևս չի հաստատում հրաժարականի նախապատրաստման մասին տեղեկությունը։ Սակայն բրիտանական մամուլում հրապարակումները վկայում են այն մասին, որ Սթարմերի ապագայի հարցը դարձել է Լեյբորիստական կուսակցության ներսում քննարկումների գլխավոր թեմաներից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *