Լոս Անջելեսի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել պահեստի խոշոր հրդեհի պատճառով, որը շարունակվում է արդեն մի քանի օր և քաղաքի զգալի մասը պատել է խիտ սև ծխով, հաղորդում է AFP-ն։
Քաղաքապետ Կարեն Բասը հայտարարել է, որ խոսքը «խոշոր միջադեպի մասին է, որը պահանջում է մի քանի գերատեսչությունների մասնակցություն»։ Ըստ նրա, արտակարգ դրության հայտարարումը թույլ կտա քաղաքն ապահովել հրդեհի հետևանքների դեմ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրսներով։
Հրդեհը սկսվել է չորեքշաբթի՝ Բոյլ Հայթս շրջանում գտնվող մոտ 46 հազար քառակուսի մետր տարածքով սառեցված մթերքների պահեստում։ Հրդեհաշիջումը բարդացնում են այրվող փրփրային մեկուսացումը, ամոնիակի հնարավոր արտահոսքը և շենքի տանիքի հալվող արևային վահանակները։
Հրշեջ ծառայության տվյալներով, ծխի հոտը տարածվել է քաղաքի մեծ մասում։ Բնակիչներին խորհուրդ է տրվել հնարավորության դեպքում սահմանափակել բաց օդում գտնվելը և նվազեցնել ծխի ազդեցությունը։
Հրդեհի առաջին օրերին հարակից թաղամասերի բնակիչներին խորհուրդ էին տալիս մնալ տանը, փակ պահել պատուհանները և խուսափել աղտոտված օդի հետ շփումից։ Նրանց համար, ովքեր չէին կարող ինքնուրույն պաշտպանվել ծխից, բացվել էին շուրջօրյա օգնության կետեր։
Ավելի ուշ այս հանձնարարականները մեղմացվել են։ Հրշեջները հայտնել են, որ ծուխը չի պարունակում արտասովոր թունավոր նյութեր և իր բաղադրությամբ չի տարբերվում շենքում սովորական խոշոր հրդեհի ժամանակ առաջացող ծխից։ Այնուամենայնիվ, օդի որակի վերահսկման ծառայությունները շարունակում են տուժած շրջանների բնակիչներին խորհուրդ տալ խուսափել դրսում ֆիզիկական ակտիվությունից։
Քաղաքային խորհրդի անդամ Իսաբել Խուրադոն մտահոգություն է հայտնել Բոյլ Հայթսի բնակիչների առողջության համար հնարավոր երկարաժամկետ հետևանքների կապակցությամբ։ Ըստ նրա, մարդիկ արդեն մի քանի օր է՝ ապրում են ծխապատ պայմաններում, առերեսվում են առօրյա կյանքի սահմանափակումների և հարցնում, թե տեղի ունեցածն ապագայում ինչպես կարող է անդրադառնալ իրենց առողջության վրա։