Լեհաստանի Սպիտակ Արծվի շքանշանից հրաժարվել են դրանով պարգևատրված Ուկրաինայի բոլոր նախագահները

Լեհաստանի Սպիտակ Արծվի շքանշանից հրաժարվել են դրանով պարգևատրված Ուկրաինայի բոլոր նախագահները, հայտնում է «Европейская правда»-ն։

Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պետրո Պորոշենկոն շաբաթ երեկոյան հրաժարվել է Արծվի շքանշանից՝ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու՝ Վլադիմիր Զելենսկուն այդ պարգևից զրկելու որոշման պատճառով։

Մինչև այդ շքանշանից հրաժարվել էր Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն։

Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման դարձավ նախկին նախագահներից առաջինը, որը հրաժարվեց այս շքանշանից, որով նա պարգևատրվել էր 1997 թվականին։

Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտնել էր Վլադիմիր Զելենսկուն Սպիտակ Արծվի շքանշանից զրկելու մասին։

Պատճառը Կիևի որոշումն էր՝ զորամասերից մեկին շնորհել պատվավոր անվանում՝ ի պատիվ Ուկրաինական ապստամբական բանակի (ՈւԱԲ), որի գործունեությունը շարունակում է մնալ երկու երկրների միջև սուր պատմական վեճերի առարկա։

Սպիտակ Արծվի շքանշանը Զելենսկուն հանձնվել էր 2023 թվականին այն ժամանակվա Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից՝ որպես Վարշավայի և Կիևի միջև հատուկ հարաբերությունների խորհրդանիշ։

Լեհաստանի և Ուկրաինայի միջև գլխավոր հակամարտությունը կապված է 1943–1945 թվականների Վոլինի կոտորածի հետ։ Այդ ժամանակաշրջանում ՈւԱԲ-ի ստորաբաժանումները Վոլինում և Արևելյան Գալիցիայում զանգվածային սպանություններ էին իրականացնում լեհ քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Զոհ դարձան տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և տարեցներ։

Լեհաստանը այս իրադարձությունները դիտարկում է որպես լեհ ժողովրդի ցեղասպանություն։ 2016 թվականին Լեհաստանի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Վոլինի կոտորածը որպես ցեղասպանություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *