
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում և բռնակցված Ղրիմում թիրախների վրա նոր հարվածների մասին։
Նա հայտարարել է, որ հարվածներ են հասցվել «ռազմական լոգիստիկայի, նավթային ենթակառուցվածքների և ՀՕՊ համակարգերի», այդ թվում՝ Ղրիմի կամրջի երկու կողմերում գտնվող թիրախների, ինչպես նաև Կերչի նավթի պահեստի վրա։ Նա պնդում է, որ վնասվել են ռուսական ՀՕՊ համակարգի տարրեր։
Միևնույն ժամանակ, Ղրիմում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել։ «Կրիմեներգո» ընկերությունը հայտնել է ցանցի վնասման պատճառով մի քանի էներգետիկ շրջաններում մասնակի անջատումների մասին։ Վերականգնման ամբողջական ժամանակացույցը դեռևս չի հայտարարվել։
Նաև հաղորդվել է, որ հունիսի 21-ի դրությամբ Ղրիմի բենզալցակայաններում վառելիքի վաճառքը դադարեցվել է՝ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ վճարումների համար։
Ավելի վաղ գրել ենք, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարված են հասցրել Ղրիմին և Կրասնոդարի երկրամասին։ Ռուսական աղբյուրների տվյալներով՝ հարձակումը հրդեհներ է առաջացրել Կերչի նավահանգստի և Կովկաս նավահանգստի տարածքում։
Հիշեցնենք՝ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ Կերչի թերակղզում զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 28-ը, իսկ տուժած երկու երեխայի վիճակը ծանր է։
Կերչի նեղուցով լաստանավային ծառայությունները ժամանակավորապես դադարեցվել են, հայտնել է աշխատանքային խումբը՝ խորհուրդ տալով վարորդներին օգտվել Դոնի Ռոստով, Տագանրոգ, Մարիուպոլ, Մելիտոպոլ և Սիմֆերոպոլի միջով անցնող R-280 մայրուղուց։