Ոսկեվանում կարկուտի հետեւանքով տների տանիքներ են վնասվել, մեքենաներ, բերքը (ֆոտոներ)

Երեկ երեկոյան տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով մեծ վնասներ է կրել նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան բնակավայրը։

Վարչական ղեկավար Սերգեյ Գրիգորյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ գյուղի տանիքների 50 տոկոսից ավելին վնասվել է։

«Մարդիկ հիմա մտածում են՝ ինչով ծածկեն, որ անձրեւը տունը չլցվի, մինչեւ կհասկանանք ինչ անել։ Այս պահին մարդիկ գալիս են, դիմումներ են ներկայացնում։ Եվ տների տանիքներ են վնասվել, եւ մեքենաներ, եւ ամբողջ բերքը։

Ամբողջ գյուղի վրա ուժեղ կարկուտը տեղացել է, այդ չափի կարկուտ մենք տեսած չկայինք»,– ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ըստ Նոյեմբերյանի համայնքապետարանի, առավել տուժել են Բաղանիս, Ջուջևան, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը, որտեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին և բնակիչների տնտեսություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *