Երևանում նշվել է Յոգայի միջազգային օրը

«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ հունիսի 21-ին նշվել է Յոգայի 12-րդ միջազգային օրը:

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

«Յոգան վաղուց դուրս է եկել ֆիզիկական շարժումների, սպորտի շարքից, և վերածվել է մարդու ներքին ներդաշնակության, հոգևոր հավասարակշռության և առողջ կենսակերպի համամարդկային խորհրդանիշի։ Յոգան դարերի ընթացքում պահպանել է իր կենսունակությունը և տարածվել աշխարհով մեկ, այդ թվում նաև Հայաստանում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ընդգծելով վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությնունների էականորեն զարգացումն ու ընդլայնումը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2014 թվականին հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր: Հայաստանն այն 179 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել այդ որոշմանը: 2015 թվականից սկսած՝ ողջ աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը: Յոգա նշանակում է միություն՝ մարդ անհատի և տիեզերքի էության միջև, հիմնական գաղափարն է՝ խաղաղություն, ոչ բռնությանը:

«Յոգան շատ ավելին է քան ֆիզիկական պատրաստակամությունը. այն հավիտենական փիլիսոփայություն է, որը սնուցում է մարմնի, մտքի և հոգու ներդաշնակությունը, միաժամանակ խթանելով բնության հետ էլ ավելի խորը կապը»,- ասել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Միջոցառման ընթացքում յոգայի մասնագետները ներկաների և յոգայով հետաքրքրվողների մասնակցությամբ ցուցադրել են յոգայի տարբեր դիրքեր, մեկնաբանել դրանց նշանակությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *