Հազարավոր չեխեր հավաքվել են երկրի մայրաքաղաք Պրահայում՝ բողոք արտահայտելու պոպուլիստ վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած կառավարության ծրագրի դեմ, որը նախատեսում է վերանայել հանրային հեռարձակողների ֆինանսավորումը և որը համարվում է վտանգավոր նրանց անկախության համար, հաղորդում է Associated Press-ը։
Ցուցարարները հավաքվել են Պրահայում չեխական հանրային հեռուստատեսության շենքի առջև՝ իրենց աջակցությունը հայտնելու զանգվածային լրատվամիջոցներին, այն բանից մեկ օր առաջ, երբ դրանց աշխատակիցները նախատեսում են նախազգուշական գործադուլ անցկացնել, ինչպես նաև տարածաշրջանային մայրաքաղաքներում և Պրահայում վերջերս տեղի ունեցած բողոքի երթերից հետո։
Երկուշաբթի օրը կառավարության կողմից հաստատված ծրագրի համաձայն, հաջորդ տարվանից հանրային ռադիոն և հեռուստատեսությունը կֆինանսավորվեն պետական բյուջեից, այլ ոչ թե այն վճարներից, որոնք կատարում են մասնավոր անձինք, տնային տնտեսությունները և ձեռնարկությունները։
Քննադատները նշում են, որ փոփոխությունները եռակուսակցական կոալիցիոն կառավարությանը հնարավորություն կտան վերահսկողություն հաստատել զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ՝ հետևելով Սլովակիայում վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Հունգարիայում նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք պոպուլիստական կառավարությունների օրինակներին։
Բաբիշը, նրա կառավարության անդամները և հավատարիմ օրենսդիրները բազմիցս քննադատել են հանրային և այլ առաջատար ԶԼՄ-ներին։
Կառավարության ծրագիրը, որը քննադատության է ենթարկվել միջազգային մեդիա կազմակերպությունների կողմից, նախատեսում է ԶԼՄ-ներին հատկացնել մոտ 15%-ով պակաս միջոցներ, քան նրանք ունեն այս տարի։ Այն չի պարունակում ապագա ֆինանսավորման որևէ երաշխիք։ Հանրային ռադիոյի և հեռուստատեսության տնօրենները հայտարարել են, որ դրա հետևանքով ստիպված կլինեն ազատել հարյուրավոր աշխատակիցների։
Բաբիշը հայտարարել է, որ ԶԼՄ-ները պետք է տնտեսեն միջոցները։ Բաբիշի կոալիցիայի օրակարգը ներառում է երկրի՝ Ուկրաինային աջակցելու քաղաքականությունից նահանջը և ԵՄ որոշ առանցքային քաղաքականություններից հրաժարումը։