Սենատոր Գրեմն ասել է, թե որ դեպքում ԱՄՆ-ն «կոչնչացնի» Իրանը

Հարավային Կարոլինայից հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կիրակի օրը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ի՝ Իրանի հետ դիվանագիտական լուծման հասնելու փորձերը, ամենայն հավանականությամբ, կձախողվեն։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ կնախընտրեր դիվանագիտությունը, քան դրանից հրաժարվելը։

«Փորձենք դիվանագիտական լուծում գտնել։ Կարծում եմ՝ այն կտապալվի։ Իսկ հետո՞»՝ ասել է Գրեմը։

Հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում ընթացող բանակցությունների ֆոնին, որտեղ կիրակի սկսվել է 60-օրյա բանակցային շրջանը՝ երկու երկրների միջև անցյալ շաբաթ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։ Միաժամանակ տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է․ Իսրայելը և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահը» շարունակում են հակամարտությունը, իսկ Իրանը ավելի վաղ հայտարարել էր Հորմուզի նեղուցը կրկին փակելու մասին՝ մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին պայմանավորվածությունները խախտելու մեջ։

Գրեմը հայտնել է, որ, իր ակնկալիքով, համաձայնագրի տապալման դեպքում նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դիմել ուժային տարբերակի և «վերցնել Հորմուզի նեղուցը վերահսկողության տակ»։

Նրա կարծիքով, ԱՄՆ-ն կվերահսկի նեղուցը և նավերի անցման համար վճար կգանձի, ինչպես նաև մտադիր է 2026 թվականին ընդլայնել Աբրահամյան համաձայնագրերը։ Նա հավելել է, որ Իրանի դիմադրության դեպքում «Միացյալ Նահանգները կկործանի նրան»։

«Եթե դիվանագիտական ջանքերը ձախողվեն, նախագահ Թրամփը կվերցնի Հորմուզի նեղուցը։ Մենք այն կկառավարենք։ Կփորձենք Սաուդյան Արաբիային ներգրավել Աբրահամյան համաձայնագրերին և 2026 թվականին ավարտել արաբա-իսրայելական հակամարտությունը։ Եվ եթե Իրանը շարունակի հարձակումները Իսրայելի և Լիբանանի վրա, նոր քաղաքականությունը կլինի այն, որ մենք հարվածներ կհասցնենք Իրանին», – հայտարարել է նա։

Միևնույն ժամանակ Գրեմը փոխըմբռնման հուշագիրն անվանել է «խնդրահարույց», սակայն նշել է, որ, իր կարծիքով, Իրանին տրամադրվող միջոցները արմատապես չեն փոխի իրավիճակը երկրում և բավարար չեն լինի տնտեսության լիարժեք վերականգնման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *