Սկանդալ Բայդենի հուշագրությունների շուրջ . ԱՄՆ դատարանը պարտավորեցրեց քննել գրառումների փոխանցումը

ԱՄՆ դաշնային դատարանը որոշել է, որ երկրի նախկին նախագահ Ջո Բայդենի 2017 թվականի հուշագրությունների հետ կապված հարցազրույցների աուդիոձայնագրությունները կարող են փոխանցվել Heritage Foundation պահպանողական վերլուծական կենտրոնին՝ մերժելով դրանց հրապարակումն արգելափակելու նախկին նախագահի փորձը , հայտնում է USA Today-ը։

Հունիսի 20-ին կայացված որոշման մեջ ԱՄՆ շրջանային դատավոր Դաբնի Ֆրիդրիխը նշել է, որ Բայդենի՝ անձնական տեղեկատվությունը պաշտպանելու շահերը, թեև ընդունվում են, սակայն զիջում են նյութերին հասանելիության հանրային շահին և կառավարության՝ Տեղեկատվության ազատության մասին օրենքով (FOIA) նախատեսված պարտավորություններին, որոնք միտված են թափանցիկության ապահովմանը։

Այս որոշումը Բայդենի համար իրավական պարտություն դարձավ, քանի որ նա մայիսին հայց էր ներկայացրել ԱՄՆ արդարադատության նախարարության դեմ՝ փորձելով կանխել գրառումների հրապարակումը։ Heritage Foundation-ը պնդում է, որ աուդիոֆայլերը կարող են վկայել այն մասին, որ Բայդենը ոչ պատշաճ կերպով է վարվել գաղտնի տեղեկատվության հետ։ Բայդենը, դա հերքում է։

Բայդենի իրավաբաններն արդեն միջնորդություն են ներկայացրել՝ մինչև բողոքարկման ավարտը որոշման կատարումը ժամանակավորապես արգելելու համար, ինչը վկայում է գրառումների հնարավոր հրապարակման շուրջ դատական վեճի շարունակության մասին։

Գրառումները հարցազրույցներ են, որոնք Բայդենը 2017 թվականին տվել էր գրող Մարկ Զվոնիցերին՝ իր որդի Բո Բայդենի մահվան մասին գրքի համար։ Արդարադատության նախարարությունը այդ նյութերը ստացել էր հատուկ դատախազ Ռոբերտ Հյորի 2023 թվականի քննության ընթացքում, որը վերաբերում էր Բայդենի՝ գաղտնի փաստաթղթերի հետ վարվելակերպին։

2024 թվականի փետրվարին Հյորը հրաժարվել էր մեղադրանքներ առաջադրել, սակայն նշել էր, որ այդ զրույցների շրջանակում Բայդենը քննարկել է սահմանափակ հասանելիությամբ նյութեր։

Վաշինգտոնում տեղակայված պահպանողական վերլուծական կենտրոն Heritage Foundation-ը FOIA օրենքի շրջանակում հարցում էր ներկայացրել, այնուհետև նաև հայց՝ պահանջելով հասանելիություն ստանալ գրառումներին՝ պնդելով, որ դրանք վերաբերում են քննության նյութերին և ենթակա են հրապարակման։

Կազմակերպությունը պնդում է, որ գրառումները հատուկ դատախազի քննության շրջանակում ուսումնասիրված փաստաթղթերի մի մասն են, հետևաբար պետք է հրապարակվեն՝ անհրաժեշտ խմբագրումներով։

Դատավոր Ֆրիդրիխը իր որոշման մեջ հայտարարել է, որ Բայդենի «թուլացած գաղտնիության շահը» զիջում է տեղեկատվության բացահայտման հանրային շահին և պետական փաստաթղթերի առավելագույն թափանցիկության քաղաքականությանը։

Նա նաև նշել է, որ արդարադատության նախարարությունն արդեն կատարել է խմբագրումներ՝ բացառելով զգայուն տեղեկատվությունը։ Ըստ դատավորի, ինքը անձամբ ուսումնասիրել է նյութերը և հաստատել, որ դրանցում չկան տվյալներ Բայդենի ընտանիքի կամ այլ մասնավոր անձանց մասին։

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, որը բազմիցս քննադատել է Բայդենին, ավելի վաղ աջակցություն էր հայտնել գրառումների հրապարակմանը՝ կառավարության նիստում հայտարարելով, որ կցանկանար տեսնել դրանք, և որ հասարակությունն իրավունք ունի իմանալ հարցազրույցների բովանդակությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *