Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավը հնարավորություն է տվել ապագայում երկրում իշխանափոխության հնարավորության համար պայմաններ ստեղծել, հաղորդում է The Times of Israel-ը։
Երուսաղեմում JNS-ի միջազգային քաղաքական գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Նեթանյահուն հիշեցրել է, որ ամերիկա-իսրայելական համատեղ գործողության սկզբում նպատակներից մեկը իրանական ռեժիմի անկման համար «պայմաններ ստեղծելն» էր։
Ըստ նրա, Իսրայելը հակամարտության ընթացքում հասել է նշանակալի արդյունքների։
Իսրայելի վարչապետը հիշեցրել է, որ սպանվել են իրանական ռեժիմի առանցքային ղեկավարները, լուրջ վնաս է հասցվել երկրի հրթիռային արդյունաբերությանը, ռազմածովային և ռազմաօդային ուժերին, ինչպես նաև ռազմական արդյունաբերության օբյեկտներին ու ենթակառուցվածքներին։
Նեթանյահուի գնահատմամբ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տնտեսական կառույցներին հասցված վնասը կազմում է «հարյուրավոր միլիարդավոր դոլարներ»։
«Նրանց վերականգնվելու համար շատ ժամանակ կպահանջվի։ Իսկ հնարավոր է՝ նրանք ընդհանրապես չվերականգնվեն», — հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Նրա կարծիքով, հասցված հարվածներից հետո և իշխանությունների ու հասարակության միջև խորը պառակտման ֆոնին անհնար է կանխատեսել, թե երբ կարող է ռեժիմը փլուզվել։ «Կարծում եմ՝ մենք պայմաններ ենք ստեղծել դրա ապագա անկման համար», — ասել է Նեթանյահուն։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «ռեժիմի վերջնական ճակատագիրը կախված է հենց Իրանի քաղաքացիներից»։