Հունաստանի ոստիկանությունը վերացրել է հանցավոր ցանցը, որը, ըստ քննության տվյալների, զբաղվում էր Լատինական Ամերիկայի երկրների կանանց թրաֆիքինգով՝ սեռական և ֆինանսական շահագործման նպատակով, Աթենքում գործող ծանոթությունների գործակալության միջոցով, հայտնում է Kathimerini-ն։
Չորեքշաբթի և հինգշաբթի իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է չորս մարդ, այդ թվում՝ խմբի ենթադրյալ առաջնորդը։ Քննությունն անցկացվել է Our Rescue և A21 մարդաթրաֆիքինգի դեմ պայքարող հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։
Ձերբակալվածների թվում են Հունաստանի 26-ամյա քաղաքացի, 27 և 19 տարեկան երկու օտարերկրացի, ինչպես նաև 31-ամյա օտարերկրացի կին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր կազմակերպության մասնակցության, մարդաթրաֆիքինգի, սեռական շահագործման, կավատության և թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար։
Քննությունը սկսվել է այն բանից հետո, երբ մարդաթրաֆիքինգի զոհերից մեկը դիմել է արտակարգ ծառայություններին։ Ոստիկանության մարդաթրաֆիքինգի դեմ պայքարի ստորաբաժանման տվյալներով, չարագործները Լատինական Ամերիկայի երկրներում խոցելի կանանց հավաքագրում էին կեղծ պատրվակներով, տեղափոխում Հունաստան և ներգրավում մարմնավաճառության մեջ։
Քննությամբ հաստատվել է, որ կանանց պարտքեր էին պարտադրում, վերահսկում էին նրանց տեղաշարժն ու եկամուտները, վերցնում էին փաստաթղթերը և թմրանյութերից կախվածությունն օգտագործում որպես ճնշման միջոց։ Սեռական ծառայությունների համար հաճախորդներ էին գտնում ծանոթությունների կայքի միջոցով, իսկ կանանց տեղափոխում էին Աթենքի տարբեր շրջանների հյուրանոցներ և մասնավոր տներ։
Բացի այդ, ոստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների առևտրի գործունեություն։ Քննության վարկածով, ցանցի մասնակիցները պահում և տարածում էին MDMA, մետամֆետամին, էքստազի և կետամին։
Գործողության ընթացքում ազատ է արձակվել երեք կին։ Նրանց տրամադրվել է պաշտպանություն և անհրաժեշտ օգնություն։
Գործի նյութերը փոխանցվել են դատախազություն՝ հետագա քննության համար։