ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կանխատեսում է 5,3% մակարդակում, իսկ 2027 թվականին՝ 5,5%: Այս մասին նշվում է ապրիլի 14-ին հրապարակված «World Economic Outlook»-ի ապրիլյան ամփոփագրում։
2025 թվականի հոկտեմբերին հիմնադրամը Հայաստանի տնտեսության աճը 2026 թվականի համար կանխատեսում էր 4,9% մակարդակում:
ԱՄՀ-ի կանխատեսումներով՝ միջին տարեկան գնաճը երկրում 2026 թվականին կկազմի 3,6%՝ հոկտեմբերյան կանխատեսման 2,8%-ի դիմաց, իսկ 2027 թվականին՝ 3,4%:
Հայաստանի վճարային հաշվեկշռի ընթացիկ գործարքների հաշվի պակասուրդը 2026 թվականին ակնկալվում է ՀՆԱ-ի 6% մակարդակում՝ հոկտեմբերյան կանխատեսման 4,7%-ի դիմաց, իսկ 2027 թվականին՝ ՀՆԱ-ի 5,2%–ը:
Թվեր և կանխատեսումներ
Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեում տնտեսական աճն ամրագրված է 5,4% մակարդակում:
Համաձայն Կենտրոնական բանկի՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության, 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը սպասվում է 4,7–7,1% միջակայքում՝ կախված սցենարից, 2027 թվականին՝ 5,3–5,7%, 2028 թվականին՝ 4,9–5,2%: