Լիբանանում հավանություն են տվել Իսրայելի հետ հրադադարի ռեժիմի վերահսկման մարմնի ստեղծմանը

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունն աջակցություն է հայտնել տարածաշրջանային բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի հարավում, հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ԱՄՆ-ի և Կատարի ջանքերին։ Ինչպես հայտնում է հանրապետության ղեկավարի գրասենյակը, Աունը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների, ինչպես նաև Կատարի վարչապետ և ԱԳ նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ։

«Զրույցների ընթացքում քննարկվել է ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու նպատակով կոորդինացիոն մարմնի ստեղծման հնարավորությունը։ Նախագահ Աունը հավանություն է տվել բոլոր այն քայլերին, որոնք կնպաստեն հարատև զինադադարին, և աջակցել է հրադադարի վերահսկման մեխանիզմի մշակմանը»,— նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Բյուրգենշտոկի քառակողմ խորհրդակցություններին մասնակցող բանակցային թիմերը համաձայնեցրել էին հակամարտությունների կարգավորման խմբի ստեղծումը (այդ թվում՝ Լիբանանում)։ ԱՄՆ-ի և Իրանի միջև որպես միջնորդ հանդես եկող Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ այդ մարմնի աշխատանքներում կներգրավվեն նաև լիբանանյան կողմի ներկայացուցիչները։

Հունիսի 23-25-ը Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ հովանու ներքո անցկացվող լիբանանա-իսրայելական բանակցությունների հինգերորդ փուլը։ Ինչպես հայտնում է «Asharq al-Awsat» թերթը, դիվանագետ Սիմոն Քարամի գլխավորած լիբանանյան պատվիրակությունը պնդելու է, որ քննարկվի հարավային շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերման ժամանակացույցը՝ Լիտանի գետից հարավ ընկած տարածքը «զենքից զերծ անվտանգ գոտի» դարձնելու Լիբանանի պարտավորության դիմաց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *