«Հայաստանի ագրարային ոլորտի համար սա շատ լուրջ մարտահրավեր է». փորձագետը՝ Ռոսսելխոզնադզորի սահմանափակումների մասին

Ռոսսելխոզնադզորի՝ Հայաստանից ՌԴ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ներմուծման սահմանափակման մասին որոշումը հարվածեց արտահանման հիմնական դիրքերին՝ բանջարեղենին, մրգերին ու ծաղիկներին, և ուժգնացրեց հարցերն այն մասին, թե որքանով է Հայաստանը պատրաստ արտաքին շուկաների իրական դիվերսիֆիկացմանը։ Այն մասին, թե ինչու է Ռուսաստանը մնում գլխավոր առևտրային գործընկերը, ինչ այլընտրանքներ կան և ինչու է դրանց իրագործումը դեռևս սահմանափակ մնում, NEWS.am-ի հետ զրույցում պատմել է փորձագետ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Ռուսաստանը՝ որպես հայկական արտահանման հիմնական շուկա

Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունները ձևավորվել են տասնամյակների ընթացքում և մնում են երկրի արտաքին առևտրի առանցքային գործոնը։ Փորձագետի կարծիքով՝ դա բացատրվում է ինչպես աշխարհագրական, այնպես էլ պատմական պատճառներով։

«Անկախության ձեռքբերման պահից ի վեր Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը եղել է Ռուսաստանի Դաշնությունը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ դրան նպաստել են «օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները», ներառյալ շուկաների մոտիկությունը և ԽՍՀՄ փլուզումից հետո գործարար կապերի պահպանումը։

2014 թվականից Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչը, նրա կարծիքով, «լրացուցիչ խթան է ստեղծել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար» և հասանելիություն է բացել ոչ միայն միության շուկաներին, այլև ազատ առևտրի համաձայնագրեր ունեցող երկրներին, մասնավորապես՝ Իրանին, Սերբիային, Մոնղոլիային, Արաբական Միացյալ Էմիրություններին և այլ պետություններին։

Բարձր կախվածությունը ռուսական շուկայից և դիվերսիֆիկացումը

Առանցքային խնդիր է մնում արտահանման կառուցվածքը։ 2025 թվականին Հայաստանը Ռուսաստան է մատակարարել շուրջ 2,9 միլիարդ դոլարի ապրանք, որի զգալի մասը բաժին է ընկնում գյուղատնտեսական արտադրանքին և վերամշակված ապրանքներին։

Փորձագետն ընդգծել է առանձին կատեգորիաների կրիտիկական կախվածությունը. «Հայկական մրգերի շուրջ 90%-ն արտահանվում է հենց Ռուսաստան, իսկ բանջարեղենի մասով այդ ցուցանիշը հասնում է մոտ 98%-ի»։

Ըստ նրա՝ դա նշանակում է, որ «հայկական բանջարեղենի, մրգերի, ձկնամթերքի, ալկոհոլային խմիչքների և ծաղիկների իրացման հիմնական շուկան ավելի քան 90%-ով Ռուսաստանի Դաշնությունն է»։

«Եթե մենք զրկվում ենք այդ արտադրանքը Ռուսաստան արտահանելու հնարավորությունից, ապա փաստացի զրկվում ենք նաև դրա իրացման հնարավորությունից»,- ասել է նա։

Սուրեն Պարսյանը նշել է նաև, որ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից չի նվազել, այլ, ընդհակառակը, ուժեղացել է։ Դրա վառ ապացույցն են արտահանման և ներմուծման ցուցանիշները։

Ելնելով դրանից՝ նա նշել է, որ դիվերսիֆիկացումը ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական խնդիր է. «Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման շուկաները։ Դա ոչ միայն տնտեսական հարց է, այլև ազգային անվտանգության կարևորագույն տարր»։

Ընդսմին, ըստ նրա, պետական ծրագրերը դեռևս զգալի արդյունք չեն տվել. «Այդ ուղղությամբ բավարար աշխատանք չի իրականացվել, իսկ գոյություն ունեցող միջոցառումները շատ թույլ ազդեցություն են ունեցել ընդհանուր ցուցանիշների վրա»։

Կառավարությունը հիմնականում շեշտը դնում է շուկաները դեպի Եվրոպա վերակողմնորոշելու վրա, սակայն, ըստ Սուրեն Պարսյանի, դեպի Եվրոպա արտահանման հիմնական արգելքը ոչ թե սակագներն են, այլ ստանդարտները. «Հայկական արտադրանքը պետք է համապատասխանի եվրոպական ստանդարտներին և նորմատիվներին, որոնք բավականին խիստ են»։

Նա ընդգծել է, որ դրա համար պահանջվում են «ժամանակ, լուրջ աշխատանք և զգալի ֆինանսական ռեսուրսներ»։ Միևնույն ժամանակ, նրա տվյալներով, մի շարք դեպքերում հայկական գյուղատնտեսական արտադրանքն ավելի թանկ արժե, քան եվրոպականը. «Հայկական ապրանքները կարող են մրցակցել ավելի շուտ պրեմիում սեգմենտում՝ որակյալ արտադրանքի շուկայում։ Սակայն դրա համար անհրաժեշտ է ապահովել որակի շատ բարձր մակարդակ, ունենալ լուրջ մարկետինգային և PR աջակցություն, հասնել եվրոպական շուկայում բրենդի ճանաչելիությանը»։

Լոգիստիկա. արտահանման թույլ օղակը

Սուրեն Պարսյանի խոսքով՝ Հայաստանը միշտ էլ բախվել է լոգիստիկ խնդիրների, դրանց թվում՝ դեպի Ռուսաստան արտահանման ժամանակ։ Մասնավորապես, Վերին Լարսի սահմանային անցակետը պարբերաբար փակվում է, ինչը կանոնավոր կերպով լուրջ դժվարություններ է ստեղծում արտահանողների համար:

«Օրինակ՝ անցյալ տարվա հունիսին մենք բախվեցինք լուրջ խնդիրների և զգալի կորուստներ կրեցինք ծաղիկների ու բանջարեղենի արտահանման ոլորտում»,- հիշեցրել է նա։

Լոգիստիկ դժվարություններ առկա են նաև դեպի Եվրոպա արտահանման ժամանակ։ Քանի որ հայկական արտահանվող արտադրանքի հիմնական մասը պատկանում է շուտ փչացող ապրանքների կատեգորիային՝ բանջարեղեն, մրգեր, ծաղիկներ, ապա փոխադրումը պետք է իրականացվի առավելագույնս արագ, որպեսզի ապրանքը ճանապարհին չկորցնի որակը և չփչանա։

Այնուամենայնիվ, առաքման արագ եղանակները, ըստ նրա, կտրուկ մեծացնում են ծախսերը. «Ամենաօպերատիվ եղանակը ավիափոխադրումներն են, բայց դրանք էականորեն մեծացնում են տրանսպորտային ծախսերը»։

Խոսելով Ախալքալաք-Կարս երկաթգծի մասին՝ Սուրեն Պարսյանը նշել է, որ Հայաստանի համար քիչ տրամաբանական է օգտագործել այդ երթուղին դեպի Արևմուտք արտահանման համար, սակայն եթե բացվեր Գյումրի–Կարս գիծը, իրավիճակը կարող էր փոխվել, և պայմանները կդառնային ավելի շահավետ։ Այդուհանդերձ, մոտ ժամանակներում այդ ճանապարհի բացումը չի դիտարկվում։

Կհաղթահարի՞ պետությունն այդ մարտահրավերը

Ագրարային ոլորտում ճգնաժամը հաղթահարելու գործիքներից մեկը կառավարությունը դիտարկում է արտադրանքի առանձին տեսակների սուբսիդավորումը։ Սակայն, ըստ փորձագետի, սա ավելի շուտ անհետաձգելի միջոցառում է, քան լիարժեք լուծում։

«Մենք բախվել ենք շատ լուրջ մարտահրավերի, և այս պահին այն դեռևս հեռու է լուծումից։ Առայժմ ձեռնարկվում են միայն հրատապ հակաճգնաժամային քայլեր»,- ասել է նա։

Լուրջ սպառնալիք, նրա կարծիքով, ներկայացնում է արտադրողների շրջանում առկա անորոշության զգացումը։ Եթե ֆերմերները չկարողանան ամռանը բերքը վաճառել շահավետ կամ գոնե մրցունակ գնով, ապա նրանք լուրջ վնասներ կկրեն ամբողջ տարվա ընթացքում, և հայտնի չէ, թե ինչպես իրենց կպահեն հաջորդ տարի՝ կշարունակե՞ն աճեցնել նույն մշակաբույսերը, թե՞ կփոխեն իրենց զբաղմունքի տեսակը։

Փորձագետը հիշեցրել է, որ գյուղատնտեսության մեջ զբաղված է Հայաստանի բնակչության զգալի մասը, ուստի հետևանքները կարող են մասշտաբային լինել։ Նա հավելել է, որ բնակչությունը չպետք է խաբվի ներքին շուկայում կոնկրետ մթերքների այսօրվա ցածր գներով, քանի որ դա կարճաժամկետ երևույթ է. «Այո, հնարավոր է՝ այս տարի որոշ մթերքների գները նվազեն, որովհետև արտադրանքի մի մասը կմնա ներքին շուկայում։ Սակայն արդեն հաջորդ տարի ֆերմերները պարզապես կկրճատեն արտադրության ծավալները կամ ընդհանրապես կհրաժարվեն որոշ մշակաբույսեր աճեցնելուց»,- նշել է նա։

Արդյունքում երկիրը նորից կբախվի գների աճի հետ, իսկ արտադրանքի արժեքի ներկայիս անկումը կհանգեցնի միայն հազարավոր ֆերմերային տնտեսությունների ֆինանսական խնդիրների խորացմանը։

Էներգետիկ կախվածություն և ռիսկեր

Հայաստանը էներգակիրներ ներմուծող երկիր է, և հեղուկ վառելիքի 90%-ը ներմուծվում է Ռուսաստանից։ Իսկ բնական գազը ներմուծվում է Ռուսաստանից և Իրանից, ընդ որում՝ 83-84%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։

Այսպիսով, ըստ փորձագետի, գազի թանկացումը կարող է շղթայական ազդեցություն ունենալ ամբողջ տնտեսության վրա. կթանկանա էլեկտրաէներգիան, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և այլ ոլորտներ, այսինքն՝ առաջ կգա գնաճային ճնշում։

Էներգետիկ շուկայի ամբողջական դիվերսիֆիկացումը քիչ հավանական է, քանի որ այլընտրանքային տարբերակներն ավելի թանկ են, քան ռուսական մատակարարումները։ «Հիմա գազի շուկայական գինը կազմում է մոտավորապես 400–500 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, այնինչ ռուսական գինը 177,5 դոլար է»։

Ռուսաստանի հետ գազի ներկայիս պայմանագիրը գործելու է մինչև 2027 թվականը։ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ երկրների միջև ցանկացած գազային համաձայնագիր ունի լուրջ քաղաքական բաղադրիչ։ Այժմ Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններին անհրաժեշտ են նոր քաղաքական պայմանավորվածություններ. եթե գազի մատակարարումները շարունակվեն նույն գնով՝ ամեն ինչ կպահպանվի. եթե ոչ՝ Հայաստանը ստիպված կլինի այն գնել Ռուսաստանից ավելի թանկ գնով կամ մատակարարման այլընտրանքային շուկաներ փնտրել։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին հայկական գյուղմթերքում հայտնաբերված խախտումների մասին Ռոսսելխոզնադզորի հայտարարությունից հետո, հունիսի 12-ից Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից կարանտինային հսկողության ենթակա ամբողջ արտադրանքի ներմուծման և դեպի ԵԱՏՄ երկրներ դրա տարանցման վրա։ Ստեղծված պայմաններում Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է ռուսական արգելքից տուժած գյուղատնտեսական արտադրողների և արտահանողների համար աջակցության հրատապ միջոցառումների փաթեթի գործարկման մասին, սակայն դրանք չեն ծածկում այն վնասները, որոնք կրում են ֆերմերները։ Կառավարությունը ևս պարբերաբար հայտարարում է այս կամ այն արտադրանքը տարբեր երկրներ մատակարարելու մասին, սակայն այդ մատակարարումների ծավալը համեմատելի չէ այն ծավալի հետ, որը մատակարարվում էր Ռուսաստանի շուկա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *