Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մոտ ժամանակներս սպասվում է շփում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։ Բանակցությունների թեմաներից մեկը կդառնան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հայտարարությունները։
Պեսկովը հավելել է, որ Լուկաշենկոն ավելի վաղ ինքն էր հայտնել ծրագրվող շփումների մասին, և առաջիկա զրույցը հնարավորություն կտա քննարկել մի շարք հարցեր։
Նա նշել է նաև, որ խոսքը «ագրեսիվ սպառնալիքների» և ներքին գործերին միջամտելու ու ինքնիշխանության դեմ ոտնձգություն անելու մասին հայտարարությունների մասին է։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կասկածում սեփական ինքնիշխանությունն ինքնուրույն ապահովելու Բելառուսի կարողությանը։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե Բելառուսի տարածքում իբր տեղակայված են վերահաղորդիչներ, որոնք Ռուսաստանն օգտագործում է անօդաչու սարքերը Ուկրաինայի թիրախների վրա ուղղորդելու համար, և պահանջել էր անջատել դրանք՝ հրաժարվելու դեպքում սպառնալով «պատասխան գործողություններով»։